Կփորձի արդյոք Մոսկվան հաշտեցնել Դամասկոսին եւ...

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տեղեկատվական ալիքի պատճառով, օրվա լրահոսում կարելի է ասել աննկատ մնաց մի բավական ուշագրավ իրադարձություն։ Խոսքը՝ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հանձնարարականով Պնախարար Սերգեյ Շոյգուի այցն էր Սիրիա եւ հանդիպումը Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի հետ։

Այցը բավական կարճատեւ էր՝ ընդամենը մի քանի ժամ։ Շոյգուի հետ էր նաեւ Իգոր Կոստիկովը։ Զուտ պաշտոնական հայտարարությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են այն հարցերը, որոնք առնչվում են Իդլիբյան գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման ապահովմանը, Սիրիայի մյուս շրջաններում իրադրության կայունացմանը եւ ռազմատեխնիկական համագործակցությանը։

Եթե փորձենք բացել դիվանագիտական բավական աղքատից տերմինները, ապա ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը որոշել է Դամասկոսին ինչ որ բանի մասին տեղեկացնել, հատկապես, Իդլիբում սպասվելիք ինչ որ բանի, որպեսզի երեւի թե չկրկնվի Իդլիբյան վերջին սրացումը։ Սա կարելի է համարել բավական սպասելիք քայլ, եթե իրապես հենց այդպես է ամեն բան եղել, հատկապես, երբ դիտարկում ենք Թուրքիայի նախագահի՝ Մոսկվա կատարած վերջին այցի եւ այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների լույսի ներքո։

Ըստ ամենայնի, կա ինչ որ անհանգստություն, որը Մոսկվայում սկսել է զգացվել մարտի 19-ից հետո, երբ М-4 մայրուղում հետախուզական-ինժեներական աշխատանքներ իրականացնելիս, թուրքական զինուժի ներկայացուցիչները ենթարկվել էին հարձակման։ Սա այլ կերպ չի կարող մեկնաբանվել Մոսկվայում, քան Մոսկովյան պայմանավորվածությունները խափանելու փորձ, որը, ըստ Անկարայի՝ հարձակման առնչությամբ տարածած հայտարարության, փորձում են անել ռադիկալ խմբավորումները եւ ոչ թե ասենք սիրիական կառավարական ուժերը։ Ընդ որում, այն խմբավորումները, որոնց Անկարան դեռ վերջերս համարում էր չափավորական։

Ինչպես նկատում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, դատելով թուրքական մամուլում եղած հրապարակումներից, թուրքական բանակն ամենայն հավանականությամբ պատրաստվում է լուրջ հարձակում իրականացնել ռադիկալ խմբավորումների հանդեպ եւ ամենայն հավանականությամբ Մոսկվան այս մասին հայտնում է Դամասկոսին, կամ էլ այդ հարձակումը համաձայնեցվում է Դամասկոսի հետ Մոսկվայի միջոցով։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա ստացվում է, որ Մոսկվան ձեռնարկել է բավական բարդ մի պրոցես՝ սրացումից հետո հաշտեցնել Անկարային եւ Դամասկոսին։