Կորոնավիրուսի դեմ 17 պատվաստանյութ գտնվում է...

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեմ 17 տարբեր պատվաստանյութ ներկա պահին հասել են կլինիկական փորձարկումների փուլին:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Անա Մարիա Էնաո-Ռեստրեպոն, փոխանցում է tert.am-ը:

«Ներկա պահին մենք 17 տեսակի պատվաստանյութ ունենք, որոնք գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում: Անհամբերությամբ սպասում ենք փորձարկումների արդյունքներին»,- ասել է բժիշկ-փորձագետը:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներն ակտիվորեն առաջ են գնում, այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն ակնկալում է, որ առավել մեծ թվով պատվաստանյութեր կլինիկական փորձարումների կենթարկվեն: Սակայն վերջինս նշել է, որ դեռ պարզ չէ, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների գիտականները հայտնել են պատվաստանյութերի փորձարկումներ սկսելու մասին:

Նշենք, որ ըստ ԱՀԿ-ի՝ հավանական պատվաստանյութի առաջատար թեկնածուներից է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության մշակած պատվաստանյութը, որը ներկա պահին կլինիկական փորձարկումների երրորդ փուլում է գտնվում: