Կոչ ենք ուղղում Ն. Փաշինյանին` սթափվել և մնալ...

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել․

«Հ. Յ. Դաշնակցության վերաբերյալ վարչապետի` Ազգային ժողովում հնչեցված մերկապարանոց հայտարարությունն
անհանդուրժողականության, փաստերը խեղաթյուրելու և պետության կառավարման պատասխանատվությունն
անհավասարակշիռ քաղաքական վարքագծով փոխարինելու դրսևորում է:


Շահարկելով երկրում առկա բազմաթիվ բացասական երևույթները, խախտելով սահմանադրական կարգի հիմնարար
սկզբունքները՝ Ն. Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության` նախկին անընդունելի դրսևորումների մերժումը վերածելով
անցյալի ուրացման, չխորշելով անգամ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու դրանք մարմնավորող ուժերին
նսեմացնելուց:


Լավագույն ապագա կերտելու՝ հանրության երազանքը, հույսն ու քաղաքական երկխոսության պահանջները բախվում
են բարեփոխումներ իրականացնելու անկարող իշխանության ագրեսիվ վարքագծին:


Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մոտեցումները՝
մոռանալով, որ անցումային կառավարություն ձևավորելիս գործընկերություն էր փնտրում Դաշնակցության հետ և
պատասխանատու պաշտոններ վստահում:


Ժողովրդին պառակտելու` Ն. Փաշինյանի՝ անվերապահորեն հաջողված ձեռքբերումն ու տեխնոլոգիան փորձ է
արվում տարածել Դաշնակցության վրա: Դաշնակցությունը մեկն է, և Դաշնակցությունը պաշտպանվելու կարիք չունի:
Դաշնակցությունն իր անցյալի, իր ժառանգության տերն է, իր բացթողումները խմբագրելու կամք և ունակություն ունի: Նաև
հստակ է ՀՅԴ հանձնառությունը` ծառայել պետականությանը, բայց ոչ՝ օրվա իշխանություններին և քաղաքական
կոնյունկտուրային:


Դաշնակցությունը շարունակելու է իր առաքելությունը` խորապես անհանգստացած Հայաստանի ներկայով, երկրում
վարվող անհեռատես ու անհավասարակշիռ պոպուլիստական քաղաքականությամբ, ստի և կեղծիքի մոլեգնող իրողությամբ,
երկրի ներքին և արտաքին ռիսկերը դիմագրավելուն անպատրաստ իշխող քաղաքական թիմի գործունեությամբ:
Կոչ ենք ուղղում Ն. Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում, լուծել
երկրի առջև օրեցօր ահագնացող մարտահրավերները:


Դիմում ենք ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ
պահելու օրակարգի շուրջը:

Հ. Յ. Դաշնակցության
Հայաստանի Գերագույն մարմին
05.12.2019թ.»