Կոչ ենք անում Ձեզ չստորագրել այն եւ դիմել Սահ...

Նկատի ունենալով, որ ս. թ. հունիսի 22 –ին Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունները իրականացվել են գործող Սահմանադրության պահանջների ակնհայտ եւ կոպիտ խախտմամբ, սակայն դրանով դեռեւս չի ավարտվել Սահմանադրական դատարանի լիազորությունների վերջնական յուրացումը, եւ այսօր Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ, կոչ ենք անում Ձեզ չստորագրել այն եւ դիմել Սահմանադրական դատարան՝ այդ փոփոխությունների սահմանադրականությունը պարզելու պահանջով: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Նախագահին

Նկատի ունենալով, որ ս. թ. հունիսի 22 –ին Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունները իրականացվել են գործող Սահմանադրության պահանջների ակնհայտ եւ կոպիտ խախտմամբ, սակայն դրանով դեռեւս չի ավարտվել Սահմանադրական դատարանի լիազորությունների վերջնական յուրացումը, եւ այսօր Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ, կոչ ենք անում Ձեզ չստորագրել այն եւ դիմել Սահմանադրական դատարան՝ այդ փոփոխությունների սահմանադրականությունը պարզելու պահանջով:

Մասնավորապես, ս. թ. հունիսի 30-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարման հիմք է համարում ս. թ. հունիսի 22-ին Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունները (օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ եւ 5-րդ պարբերությունները): «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նման կարգավորումը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում սպառիչ կերպով սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմքերին, որը սահմանում է հետեւյալը. «Դատավորի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում»։ Փաստացի, հունիսի 30-ին ընդունված օրենքը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման մի հիմք, որը Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված չէ։

Այսպիսով, հաշվի առնելով, որ հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից հապշտապ ընդունված օրինագիծն ինքնին առերեւույթ հակասում է Սահմանադրությանը, հորդորում ենք Ձեզ է՛լ ավելի չխորացնել Հայաստանում ստեղծված Սահմանադրական ճգնաժամը, օգտվել Սահմանադրության 129-րդ հոդվածով Ձեզ վերապահված լիազորությունից եւ դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը նշված օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ»։