Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «J...

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Jeep» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Եղվարդ», մի մասը՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վիրավորներից 3-ին փրկարարները քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ են դուրս բերել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից։

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները և տեղում իրականացրել ուժեղացված ծառայություն, քանի որ մինչ պարեկների ժամանումը բազմաթիվ հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել էին և Աշտարակ-Եղվարդ, Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածում ստեղծվել էր արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանելուց վայրկյաններ անց երթևեկությունը կարգավորվեց։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննաես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։