«Խաղեր տվող չլինի». ինչ է հասկացնում Կրեմլը Բ...

Հայաստանում, ներքաղաքական՝ երբեմն նույնիսկ չափազանց անհետաքրքիր օրակարգով տարված, հասարակությունն ու մասնագիտական շրջանակները բաց թողեցին բավական հետաքրքիր հայտարարություն, որ հնչեց Ռուսաստանից։ Մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ երկրի Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում հայտարարեց, որ Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի ազգային կամ կրոնական հողի վրա հակամարտություններ հրահրվեն կամ էլ արտասահմանում եղած ազգային կամ կրոնական հողի վրա եղած հակամարտությունները տեղափոխվեն Ռուսաստան։

Պուտինն ասել է, որ աշխարհի քարտեզի վրա եղած թեժ կետերից մեծ մասի դեպքում, որոնք ծխում կամ բոցավառվում են դեռ, որպես պատճառներ կարելի է անխոս նշել քաղաքական եւ տնտեսական դրդապատճառները։ Սակայն հակամարտությունները հրահրվում են որպես կանոն ազգամիջյան եւ կրոնական անհանդուրժողականության ֆոնի վրա։ Ռուսաստանում դա չպետք է թույլ տալ։

Պուտինն ընդգծել է, որ իշխանությունները չպետք է թույլ տան, որպեսզի Ռուսաստանի տարածքում հանկարծ լինեն  այլ ազգության ներկայացուցիչների հանդեպ ագրեսիվ դրսեւորումներ, ինչպես նաեւ սեփական ազգային գերազանցության ցուցադրություններ։

Հայտարարությունը գուցե եւ ստանդարտ է նման պարագաների դեպքում, սակայն կարեւոր է եւ հետաքրքրական։ Նախ, կարծես թե այն ունի որոշակի մեսիջներ ուղղված արտաքին աշխարհին, հատկապես մերձավոր հարեւաններին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Հիշեցնենք, որ Թուրքիայում, պանթյուրքիզմի համախտանիշով տառապողները արդեն հասել են այնտեղ, որ իրականությունից կտրված, սկսել են տարածքային պահանջներ ներկայացնել, առայժմ դեռ գունագեղ քարտեզների տեսքով Ռուսաստանին։

Նկատենք, որ ժամանակին Թուրքիայից հնչել էր ժամանակին հայտարարություն առ այն, որ Ռուսաստանը կքանդեն ներսից, հասկանալի է այդ պետության պոլիէթնիկությունն ու բազմակրոնությունը օգտագործելով: Հիշենք, նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը, Ռուսաստանում Ադրբեջանը հայկական ծիրանին պատերազմ հայտարարեց, որը բավական տհաճ էր եւ նաեւ բավական զգաստացրեց ռուսական իշխանություններին։

Ռուսական հատուկ ծառայությունները հիանալի են տեսնում, որ Ռուսաստանում բավական շատացել են այն փորձագետ-վերլուծաբանները, որոնք այսօր ըստ էության դարձել են թուրքական կամ ադրբեջանական շահերի լոբբիստներ ռուսական միջավայրում, հանգամանք, որը ռուսական պետականակենտրոն մտածողության եւ Պուտինյան վարչակարգի համար պարզապես ոչ թե անընկալելի են, այլ նաեւ՝ խիստ մերժելի։ Սրան զուգահեռ, Ռուսաստանը շարունակում է գոնե Թուրքիայի հետ վարել «շվեդական սեղանի» գործընկերություն, ինչպես նկատել է հայազգի ռուս վերլուծաբան Գեւորգ Միզյայանը եւ դա դեռ շարունակվելու է առաջիկայում:

Հիմա Մոսկվան՝ բարձրագույն մակարդակով հասկացնում է, որ հանկարծ ներռուսական հարթության վրա «խաղեր տվող չլինի» ոչ Անկարայի, ոչ էլ Բաքվի դրդմամբ, անկախ այն հանգամանքից, թե օրինակ էթնիկ փոքրամասնություններին պատկանող ռուսական էլիտայի ներկայացուցիչներն իրենց մեջ ինչ մտածումներ են մտմտում։ Ակնարկը կարծես թե լիովին թափանցիկ է եւ հասցեական։ Մնում է հասկանալ, թե ինչ զարգացումներ պետք է լինեն ապագայում, որ արդեն հիմիկվանից է Կրեմլը կանխարգելիչ քայլերը սկսել։