«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը շատ...

Հայաստանը որքան շատ ինտեգրված լինի տարածաշրջանային տնտեսական մեծ ծրագրերում, այնքան քիչ կլինի պատերազմի հավանականությունը, և այդ հանգամանքը ներդրողներին ավելի շատ վստահություն կներշնչի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը մամլո ասուլիսում։

Նա հավելեց, որ որքան խաղաղության գործընթացն ավելի առաջ գնա Հարավային Կովկասում, այնքան ավելի մեծ հնարավորություններ կստանան գործարարները, բիզնեսի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները։  

«Հայաստանը գտնվում է բավականին լարված տարածաշրջանում, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով՝ սկսած Իրանից մինչև Լիբանան և Իսրայել, ուստի Հայաստանի իշխանությունների կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն այդ առումով շատ կարևոր է և համահունչ է մեր հայեցակարգին։ Այն կնպաստի տնտեսական ինտեգրացիային, ինչն իր հերթին հիմք կհանդիսանա երկարաժամկետ տնտեսական աճի համար»,- ասաց ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը։     

Լամբերտը օրինակ բերեց երկրորդ աշխարհամարտից հետո համապատասխան համաձայնագրով ամրագրված ածուխի և պողպատի ընդհանուր շուկայի ստեղծումը, ինչն ի սկզբանե միտված էր ածուխի և մետալուրգիական արդյունաբերության արտադրության արդիականացմանն ու բարելավմանը և այդ ոլորտներում զբաղվածության խնդիրների լուծմանը։ 

«Դա նաև կարևոր պլատֆորմ էր արդյունավետ երկխոսության համար, քանզի հիմք հանդիսացավ Եվրամիության ձևավորման համար։ Ամենևին էլ պատահական չէ, որ դրա շնորհիվ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև պատերազմի հավանականությունը չեզոքացվեց, և սկիզբ առան ինտեգրացիոն գործընթացներ։ ԱԶԲ-ն հույս ունի, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նույն ազդեցությունը կունենա այս տարածաշրջանում և բոլոր երկրների միջև կհաստատվեն սերտ կապեր»,- ասաց Լամբերտը։