Խարբերդում կոտրել են 55- ամյա կնոջ տան ապակին...

Այսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, ուր Խարբերդ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկը հրկիզել են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանության Արարատի մարզային վարչությունից փոխանցել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից ահազանգը փոխանցվել է Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատին և թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատին, որտեղից ժամանել են հրշեջ-փրկարարները, ովքեր նշված փողոցի թիվ 85/4 տանն առաջացած կրակի տարածումը նախ կարողացել են կանխել, ապա մարել այն, և եթե հրշեջները օպերատիվ չգործեին, տունն ամբողջությամբ վերածվելու էր մոխրակույտի:

Այրվել է խոհանոցի սառնարանը, պահարանը և որոշ գույք:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նիկողոսյանը, և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:

Տունը սահմանազատել և տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ալբերտ Պիրոևն ու կրտսեր պարեկ Վահե Եգորյանը և ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի համայնքային ոստիկաններ Սահակ Գևորգյանը, Հայկ Ասատրյանն ու Գառնիկ Տոնոյանը:

Տեղում պարզվել է, որ տունը ոչ թե անզգուշությամբ է այրվել, այլ միտումնավոր հրկիզել են:

Մինչ հրշեջները աշխատանքներ էին կատարում, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներն ու ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել են, թե ով է ենթադրյալ հրկիզում կատարող կասկածյալը, ու ժամերի ընթացքում կարողացել են հայտնաբերել նրան, ով Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Դ.-ն է:

Վերջինս բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ՊԾ Արարատի գումարտակի պարեկներին և նրան պարեկները ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ մասի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը:

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կասկածյալը ոստիկանության Մասիսի բաժնից ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկների առաջ խոսել, ասում էին.

«Ապակին կոտրել է տանտիրուհու ծանոթը, այնուհետև բենզինի շիշ է նետել տուն ու տունը հրկիզել: Եթե հրշեջները ուշ ժամանեին, տունը լրիվ վերածվելու էր մոխրի, բայց ամեն պահի կարող է նորից այդ տղան գա ու էդ կնոջ տունը վառի: Էդ մտավախության մեջ էինք, երբ իմացանք, որ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նրան ու տարել են ոստիկանություն: Երեկ էլ է այդ նույն տղան բռնության փորձ կատարել տանտիրուհու նկատմամբ, բայց երեկ հաջողացրել է փախչել ու էսօր եկել ույ տունն է հրկիզել: Հիմա գոնե արժանի պատիժ կստանա, որ էս խեղճ կնոջը դիվադադար չանի, թե չէ մարդը կոպեկ-կոպեկ հետ գցելով տուն է կառուցել, ու ինչ-որ մեկը որոշել է, որ եթե իր հետ մտերմություն չես անում, տունդ պիտի վառի»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։