Կձեւավորվի հանրակրթության պետական առարկայական...

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախաձեռնությամբ ս.թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ կոնֆերանս՝ «Ազգային կրթությունը եւ առաջարկվող հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի բովանդակությունը» թեմայով։

Կոնֆերանսի մասնակիցները նշեցին, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի մշակման գործընթացում ցուցաբերվել է ոչ պատշաճ վերաբերմունք հայագիտական առարկաների եւ ռազմահայրենասիրական դաստիարակության նկատմամբ, ակնառու է պատմական տվյալների խեղաթյուրում եւ հիմնավոր փաստարկների բացակայություն։ Ընդգծվեց, որ առարկայական առանձին ծրագրերում ներկայացված փոփոխությունները խորացնում են ապազգային միտումները, նպատակ ունենալով ստորադասել հայոց ինքնության առանցքային տարրերը՝ լեզուն, պատմությունը, մշակույթը եւ կրոնը՝ փոխարենը շեշտադրելով «ունիվերսալ» կրթության կարեւորությունը։ Արձանագրվեց, որ արդիական կրթությունը պետք է ձեւավորվի ազգայինի եւ համամարդկային լավագույնի համադրությամբ եւ ոչ երբեք հակադրությամբ կամ ենթակարգմամբ։

 
Կոնֆերանսի մասնակիցները իրենց վճռական անհամաձայնությունը հայտնեցին ազգային կրթության ոլորտում ՀՀ գործող իշխանությունների կողմից որդեգրած ռազմավարությանը եւ գործելաոճին: Շահագրգիռ քննարկման արդյունքում համատեղ որոշում կայացվեց ստեղծել ժամանակավոր աշխատանքային խումբ, նպատակ ունենալով իրականացնել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի վերջնականացման ու հաստատման գործընթացի շարունակական մշտադիտարկում, ինչպես նաեւ հասանելի բոլոր միջոցներով ապահովել ու նպաստել հայեցի ազգային կրթական բովանդակության ձեւավորումանն ու պահպանմանը: