Կարող ենք քննարկել արտահերթ ընտրությունների գ...

Այսօր էլ պատրաստ ենք արտահերթ ընտրություններին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտոնապես ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստանի» անդամ Արմեն Եղիազարյանը՝ հարց ուղղելով վարչապետին, թե պարտասրվու՞մ է արտահերթ ընտություն իրականացնել հրաժարականի միջոցով:

Հարցին, սակայն, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս կետից արդեն մենք կարող ենք գործնական քայլերի գնալ և նախնական փուլում քննարկենք արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը: Նույն հուշագրի ստորագրմանն ենք հրավիրում «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական հարցը որոշակիություն ստանա», - ասաց նա:

Ավինյանը նկատեց՝ այսօր առաջին անգամ է, որ ընդդիմության կողմից հստակ դիրքորոշում է արտահայտվում:

Արձագանքելով, սակայն, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ արտահերթ ընտրությունները պետք չէ կապել հուշագրի և նախապայմանների հետ:

«Եթե վստահ եք ձեր քաղաքական ուժի, ձեր հանդեպ վստահության վրա, այդ հուշագրերը պետք չեն: Հուսով եմ՝ մենք հասկանում ենք, թե ինչ հուշագրի մասին է խոսքը: Դուք վտանգ չպետք է զգաք», - ասաց «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը:

Ավինյանն էլ, հուշագրի հանգամանքը մեկնաբանելով, ասաց, որ եթե կոնսենսուսի են գալիս, հուշագիրը համաձայնության արձանագրում է կողմերի միջև: