Երեկ կառավարությունը որոշում կայացրեց արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկարաձգելու մասին՝ չնայած այն հանգամանքին, որ այն Հայաստանում իմիտացիոն բնույթ է կրել առնվազն ապրիլի սկզբից՝ գործնականում չծառայելով համավարակի դեմ պայքարին և ի ցույց դնելով ֆորս-մաժորային իրավիճակներում արդյունավետ կառավարում իրականացնելու Նիկոլ Փաշինյանի թիմի անկարողությունը։
Իշխանության անորակ, ապիկար կառավարման հետևանքով երկրում համաճարակային վիճակը գտնվում է խիստ մտահոգիչ համատեքստում, միևնույն ժամանակ՝ անդառնալի հարված է հասցված տնտեսությանը, հազարավոր ընտանիքներ հայտնվել են աղքատության ճիրաններում։
Կառավարության երեկվա որոշումը, մեծ հաշվով, ինքնախոստովանություն էր այն մասին, որ անցած երկու ամիսներին կատարելապես ձախողվել է իրականացվող հակահամաճարակային քաղաքականությունը, ինչի հետևանքով Հայաստանը Հարավային Կովկասում դարձել է կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոն։ Նիկոլ Փաշինյանի թիմը սահմանափակումների վերացմանը գնաց մի իրավիճակում, երբ կորոնավիրուսային ցուցանիշները երկրում նոր հակառեկորդներ են գրանցում։ Սա այն դեպքում, երբ աշխարհի մյուս պետությունները սահմանափակումները վերացնում են այն պարագայում, երբ երկու շաբաթ անընդմեջ առողջացածների թիվը գերազանցում է վարակակիրներին։
Սահմանափակումների վերացման համատեքստում, երբ կառավարությունն, ըստ էության, հրաժարվել է պատասխանատվությունից՝ դա պատվիրակելով քաղաքացիներին, միանգամայն անիմաստ ու բովանդակազուրկ է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը։ Իսկապես անհրաժեշտ սահմանափակումների մեխանիզմները կարող էին ներառվել գործող «ոչ արտակարգ» օրենքներում, արտակարգ դրության ռեժիմն ավարտել էր պետք՝ մնալով օրինականության և իրավաչափության դաշտում։
Կառավարությունը գնացել է միանգամայն այլ ճանապարհով, ինչը լեգիտիմ կասկածներ է ծնում, որ Նիկոլ Փաշինյանի թիմի նպատակն ոչ այնքան համաճարակի դեմ պայքարն է, որքան՝ քաղաքացիների ազատությունների էական սահմանափակումները, մարդկանց քաղաքական նախաձեռնությունները տորպեդահարելը, բողոքի ակցիաները «օրինական» ճանապարհով արգելելը։ Մյուս կողմից՝ օրվա իշխանությունը գիտակցում է, որ այլևս դրական ելք ունենալ չի կարող իր իսկ կողմից նախաձեռնված սահմանադրական հանրաքվեն ու արտակարգ դրության երկարաձգմամբ ժամանակ է շահում՝ լուծումներ գտնելու համար։
Չի կարող համճարակի դեմ պայքարի պատասխանտվությունը թողնվել քաղաքացիների վրա՝ նրանց զրկելով իրավունքներից։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնադիր համագումարը երկու անգամ հետաձգվել է՝ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված, համագումարի նոր ամսաթիվ է նշանակված հունիսի 19-ը։ Մենք չունենք որևէ երաշխիք, որ կառավարությունը արտակարգ դրության երկարաձգման հերթական փորձը չի անի հունիսի 13-ին, ուստի կանխավ հայտարարում ենք, որ մեզ այլևս իրավունք ենք վերապահում հունիսի 19-ին անցկացնել համագումարը՝ անկախ կառավարության և Պարետատան հորդորներից։ Քաղաքաղացիների ազատությունը, կուսակցություն հիմնադրելու մեր սահմանադրական իրավունքը չեն կարող զոհաբերվել արտակարգ դրության իմիտացիային ու Փաշինյանի թիմի սուբյեկտիվ օրակարգին։
Կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիների ազատություններն ու իրավունքները վերականգնելու համար, իսկ մենք պարտավորվում ենք մեր համագումարն անցկացնել հակահամաճարակային բոլոր կանոնների խստիվ պահմանմամբ՝ գերակա համարելով մեր կուսակցության անդամների, Հայաստանի քաղաքացիների առողջությունը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խումբ
15․05․2020