Կա պատմական անհրաժեշտություն՝ շարունակելու մն...

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ապրիլի 10-ին կայացած «Եվրոպայի խորհրդի եւ եվրոպական քաղաքական համայնքի միջեւ փոխկապակցվածությունը» թեմայով քննարկման ժամանակ: Պատգամավորն ելույթում նշել է.

«Պարո՛ն նախագահ,

Հիմա ճիշտ ժամանակն է՝ քննարկելու ոչ միայն ժողովրդավարության վրա եղած ճնշումները, այլեւ հաստատությունների ունակությունը՝ ձեւավորելու իրական արդյունքներ արագ փոփոխվող եւ հակամարտությունների հակված աշխարհում:

Եվրոպական քաղաքական համայնքի գործարկումից ի վեր գլոբալ իրավիճակը դարձել է ավելի լարված եւ բեւեռացված: Կայուն խաղաղության եւ մեծացող բարեկեցության փոխարեն մենք ականատես ենք լինում ռիսկերի, բախումների եւ աշխարհաքաղաքական ցնցումների բազմապատկման: Աշխարհն ավելի խաղաղ չէ, եւ շատ վայրերում նույնիսկ բարեկամությունն է քաղաքականապես բարդացել:

Սա արտահայտում է ավելի մեծ մտահոգություն. հաստատությունները դժվարանում են կառավարել բարդությունները, աջակցել անցումային փուլերին եւ, ամենակարեւորը, կանխել պառակտումն ու հակամարտությունները: Երբ մենք ընդլայնում ենք ինստիտուցիոնալ հարթակները, պետք է ապահովենք, որ դրանք լինեն ոչ միայն ընդգրկուն, այլեւ արդյունավետ` խաղաղություն եւ բարեկեցություն ապահովելու գործում: Քաղաքացիներն իրավացի են, երբ ակնկալում են ոչ միայն կառույցներ, այլեւ բովանդակություն: Եվ խնդիրը ոչ թե այդ կառույցների բացակայությունն է, այլ այն, որ դրանք այլեւս չեն ձեւավորում դրական արդյունքներ:

Հարգելի' գործընկերներ,

Քննարկվող համագործակցությունից բխում են մի շարք առանցքային ակնկալիքներ:

Առաջին, Եվրոպայի խորհրդի ամենաթանկ ձեռքբերումն է մարդու իրավունքների պաշտպանության համաեվրոպական կոնվենցիոնալ համակարգը: Այս համակարգի սկսված քայքայումը պետք է կանգնեցվի, իսկ դրա պահպանումը դառնա ռազմավարական առաքելություն:

Երկրորդ, էական է, որ այս համագործակցությունը նպաստի մայրցամաքում աճող ավտորիտար միտումների հակադարձմանը: Ընտրությունը հստակ է` կա՛մ դառնալ սկզբունքային եւ վճռական հարթակ այս միտմանը դիմակայելու հարցում, կա՛մ շարունակել ցավալի փոխզիջումները, որոնք միայն թուլացնում են ժողովրդավարական աշխարհը:

Երրորդ, այս համագործակցությունն առաջարկում է անկեղծ երկխոսության եզակի եւ ժամանակին համահունչ ձեւաչափ հավասարների միջեւ՝ անկախ ԵՄ անդամակցության կարգավիճակից: Այս ընդգրկուն միջավայրը հնարավորություն է տալիս իմաստալից մասնակցության եւ փոխադարձ ճանաչման համար: Նման երկխոսությունը կարող է ԵՄ անդամակցության թեկնածուներին մոտեցնել իրենց նպատակին, իսկ մյուսների համար խթանել եվրոպական երազանքի ավելի իրատեսական պատկերացումը՝ համագործակցության, համերաշխության եւ ընդհանուր արժեքների հիման վրա:

Չորրորդ, ցանկացած համագործակցության առանցքում պետք է լինի խաղաղությունը: Աշխարհում, որտեղ խաղաղության պակաս կա, այն պետք է վերականգնվի դիվանագիտության, իրավունքի գերակայության, վստահության եւ պատասխանատու առաջնորդության միջոցով: Մեր տարածաշրջանների դեպքում, որտեղ առկա է բախումների վերսկսման վտանգ, խաղաղությունը պետք է կառուցվի նաեւ աշխարհաքաղաքական կայունության, հարեւանների հետ արժանապատիվ երկխոսության, շահավետ տարածաշրջանային համագործակցության, եւ, ամենակարեւորը, աշխատող միջազգային երաշխիքների եւ վստահելի ազգային անվտանգության մեխանիզմների հիման վրա:

Պարո՛ն նախագահ,

Կա պատմական անհրաժեշտություն՝ շարունակելու մնալ խաղաղության ճարտարապետներ: Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը կլինի ոչ միայն մտորումների, այլեւ վերանվիրումի պահ:

Շնորհակալություն»: