Իշխանությունը ձգտումն է հրահրել քաղաքացիական...

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլեւս իշխանություն չունի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության երթին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Նրան իշխանության պահողը միայն Զինված ուժերն ու Ոստիկանությունն են։ Ոստիկանապետության ձգտող դավաճանն օր առաջ պետք է հեռանա։ Մեր հանրությունը որքան շուտ համախմբվի այս կարեւոր հարցի շուրջ, այնքան շուտ մենք կազատվենք այս հանցագործից, եւ նրա նկատմամբ օրենքով նախատեսված քրեական պատասխանատվությունը վրա կհասնի»,- ասաց նա։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե  իր հայտարարությունը կոնտեքստից դուրս են ներկայացրել եւ հարցին՝ արդյոք իշխանություններին ձեռնտո՞ւ է գնալ բարձր լարման, Մինասյանը  պատասխանեց.

«Ակնհայտ է, որ իշխանությունը ձգտումն է հրահրել քաղաքացիական բախումներ։ Այդ անձնավորությունը, որն իրեն համարում է իբր օրենսդիր մարմնի հանձնաժողովի նախագահ, ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլ  պետական տեռորի կոչ է հնչեցրել։ Այն, ինչ ամրագրված է գործող օրենքում, բացարձակ կապ չունի նրա արած հայտարարության հետ։ Օրենքի սխալ հիմնավորմամբ փորձում է արդարացնի իշխանության կողմից բռնության գործադրման փորձերը։ Որեւէ մեկին իրավունք վերապահված չէ բռնություն գործարելը, առավել եւս իշխանությանը»։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Ոստիկանությունն իրավունք չունի բռնություն գործադրելու. «Ժողովուրդն ունի իրավունք հարկադրելու իշխանությանը, որպեսզի իշխանությունը գործի ժողովրդի շահերին համապատասխան»։

Անդրադառնալով ապստամբության մասին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից արված հայտարարությանը, եւ դրա առնչությամբ հարուցված քրեական գործին՝ Մինասյանն ասաց.

«Ապստամբության իրավունքն ամրագրված է ՄԱԿ Մարդու իրավունքների հիմնարար հռչակագրում որպես ժողովրդի կողմից իր իրավունքների վերջին դրսեւորում։ ՄԱԿ-ը ամրագրում է այն պատճառով, որ պետությունը որպես ինստիտուտ պարտավոր է իր բոլոր կառույցներին ժողովրդական կանոններին համապատասխան հնարավորություն տա աշխատելու։ Դրանք ոչ թե պետք է ծառայեն անձի, այլ պետությանը, օրենքին, ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությանը։ Բայց ապստամբության իրավունքն իրացնելը չի նշանակում բռնության ուժի գործադրում այն անձանց նկատմամբ, ովքեր որ իրենք բռնության քարոզողներն են կամ արդարացնողն են։ Ապստամբության իրավունքը չպետք է հակադրի հանցագործության հետ»։

Խոսելով շենքեր գրավելու մասին իրենց արված հայտարարությունների մասին՝ լրագրողը հիշեցրեց իշխանության ներկայացուցիչներից մեկի այն խոսքը, թե իրենք 2018 թվականի իրադարձությունների ժամանակ չեն գրավել Ռադիոտունը, այլ մտել ու ու դուրս են եկել, Արծվիկ Մինասյանն արձագանքեց.

«Այն, ինչը իրենք են արել, դա բռնություն չէ, այն, ինչը հասարակության ներկայացուցիչները տալիս են գնահատական դավաճանին, դա համարում են վիրավորանք ու բռնութան փորձեր կամ այն, ինչը շարժման առաջնորդները ներկայացնում են որպես ժողովրդի իրավունքի իրացման հնարավորություն, իրենք փորձում են ներկայացնել որպես բռնության կոչեր»։