Իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի ևս մեկ որոշ...

Երեկ՝ ապրիլի մեկին, Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ պարետատան հերթական նիստը, որի ընթացքում պարեն Ավինյանը հայտարարեց, որ մտցված նոր սահմանափակումների կիրառականության արդյունավետությունը ապահովելու համար, ոստիկանական ուժերին կմիանան նաեւ ԱԱԾ, ՌՈ, եւ ԱԻՆ ուժերը։

Պարետը մասնավորապես ասել է  հետեւյալը․ «Պետք է նշեմ, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք»։

Ակամա հիշեցինք մարտիմեկյան դեպքերը, երբ էլի արտակարգ դրություն էր, իհարկե, քաղաքական հիմքով եւ ոչ թե պանդեմիայի պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով։ Այն օրերին տեղի ունեցած դեպքերը եւ հատկապես, բանակի ներգրավումը (ՌՈ-ն բանակի մի մասն է) ռեժիմի ապահովմանը դրանից հետո 10 տարի շարունակ դարձավ քննադատության թիրախ այն ժամանակվա ընդդիմության, այսօրվա՝ իշխանության համար։ 

Ի դեպ, պետք է նկատել, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին փաստաթղթում ևս հստակ գրված է, որ անհրաժեշտությունից ելնելով՝ իշխանությունները որոշ գործառույթներ իրականացնելու համար կարող են ներգրավել բանակի ներուժը։

Ու զարմանալի է, որ նախկինում՝ ընդդիմադիր դաշտում եղած ժամանակներում քննադատված գործողություններն այսօր արդեն կիրառվում են ոսկերչական ճշգրտությամբ՝ ըստ էության արդարացնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ այդ օրերին կայացրած որոշումները, և այդպիսով դարձնելով անհիմն այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են վերջինիս հանդեպ։ Ու մի բան էլ զարմանում են ու նեղսրտում, երբ համեմատականներ են անցկացվում։

Իշխանության պաշտպանները կասեն, թե այսօր ՌՈ-ն չի մասնակցում ցուցարարների դեմ գործողությունների։ Այդ պնդումներն անողներին պետք է հիասթափեցնենք՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բանակը ևս չի մասնակցել ցուցարարների դեմ գործողություններին։ Բանակը մասնակից չի եղել անգամ այն դեպքում, երբ որոշ ցուցարարների մոտ կային մարտական զենքեր, տասնյակ այլ ցուցարարներ բենզինի շշերով հարձակվում էին ոստիկանական զորքերի վրա, իսկ հարյուրավոր այլ ցուցարարներ ընդդիմադիրների հրահանգավորմամբ թալանում էին խանութներն ու սուպերմարկետները։ 

Բանակը 2008-ին էլ, ինչպես այսօր, պահպանության գործառույթ էր իրականացնում և պահպանում էր այն օբյեկտները, որոնց պահպանությամբ ոստիկանությունը չէր կարող զբաղվել, քանի որ ուժերը չէին բավականացնում։