Ինչպես հայտնի է, Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման մեջ կատարվեց լրացում, որով սահմանվեց հետեւյալ դրույթը․ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:
Սա նշանակում է, որ լրատվամիջոցները, բացի պաշտոնական կարծիքից, այլ կարծիք այլեւս չեն կարող գրել։ Այլ կարծիք չեն կարող արտահայտել նաեւ հասարակական-քաղաքական հայտնի գործիչները հանրային հարթակներում՝ սոցկայքերում։ Արդեն իսկ այսօր որոշ հասարակական-քաղաքական գործիչներ հրավիրվել են ոստիկանություն՝ իրենց գրառումների առնչությամբ բացատրություններ տալու համար։
Սրան զուգահեռ, «Ֆեյսբուքում» առկա է կեղծ էջերի եւ կեղծ օգտատերերի մի հսկա բանակ, որոնք ղբաղված են տարատեսակ թիրախավորումներով։ Մի մասը թիրախավորում է գործող իշխանությունների ընդդիմադիրներին, մյուսները իշխանություններին։ Ու ոչ ոք կարելի է ասել, չգիտի, թե ովքեր են այդ «ֆեյքերի» հետեւում կանգնած»։ «Ֆեյքերի» հիմնական թիրախը նախկին իշխանության ներկայացուցիչներն են, ովքեր այս օրերին ամեն բան մի կողմ թողնելով աջակցում են գործող իշխանություններին՝ հանուն Հայաստանի հաղթանակի։ Սա տպավորություն է թողնում, որ իշխանական որոշ շրջանակներ են սրանց մի մասի հետևում կանգնած և նախկին հաշիվներ են մաքրում։ Նման տպավորությունները ավելորդ անգամ լարում են ներքաղաքական կյանքը։
Այսօր «Ֆեյսբուքը» պաշտոնապես հայտարարեց, որ հազարավոր ֆեյսբուքյան կեղծ էջեր ու օգտահաշիվներ է արգելափակել, որոնք գործել են Ադրբեջանի տարածքից։
Թե քանի հազարը դեռ կա, դժվար է ասել, սակայն պատերազմը միայն մարտի դաշտում չէ, այլ նաեւ տեղեկատվական հարթակում, եւ բնականաբար նույնիսկ ադրբեջանական ֆեյսբուքյան «ֆեյքերը» հայկական համացանցային սեգմենտ կարող են ներթափանցել ու ինչ որ գործունեություն ծավելել, փորձելով օրինակ այժմյան մեր համախմբման մեջ սեպ խրել։ Հավատում ենք, որ կա անհրաժեշտություն այս սահմանափակումը մտցնելու, որպեսզի պետությունը առաջնագիծից բացի նաեւ ներքին խնդիրների վրա ժամանակ ու ռեսուրս չծախսի։ Ուրեմն կարելի է պարզապես ժամանակավորապես փակել սոցիալական մեդիա հարթակները՝ «Ֆեյսբուքը», «Վկոնտակտե»-ն, «Օդնոկլասսնիկը», «Յութուբը», որպեսզի հնարավոր լինի նաեւ կանխել «ֆեյքերի» գործունեությունը։ Հասարակության կողմից երեւի թե դա նորմալ կընկալվի, հաշվի առնելով ռազմական դրության իրականությունը եւ պատերազմական վիճակը։ Դա նաեւ արդար կլինի, քանի որ կխնայի նաեւ պետության դրամն ու ժամանակը՝ ամեն «ֆեյքի» հետեւելու եւ IP-հասցե պարզելու եւ դրա պատկանելիությունը որոշելու հետ կապված։