Իրենց ներքին դատարկությունը քայլածները փորձու...

Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Երեկ տոն էր, բայց տրամադրությունը տոնական չէր։ Այն, որ Մայիս 28-ը Նիկոլի ու իր շրջապատի անհայրենիքների համար տոն չի, արդեն ակնհայտ է բոլորի համար։ Մարդիկ եկել են նոր Հայաստան սարքելու՝ նոր տոներով, նոր հերոսներով, նոր արժեքներով։ «Մերժիր Սերժին» կարգախոսով և օգտագործելով ժողովրդի օբյեկտիվ դժգոհությունը ճահճացած, զարգացման դինամիկ տեմպը կորցրած, առօրյա տալ-առնելիքով տարված ու ՏԵՍԼԱԿԱՆ չունեցող վարչակարգի դեմ, նրանք այսօր փորձում են մերժել այն ամենն ինչ եղել է իրենցից առաջ։ Նրանց համար մերժելի են անանձնական արժեքները, այն ամենը, ինչի համար հայ ժողովրդի ազատության ու անկախության համար պայքարած ու հաղթած Արամ Մանուկյանն ու մյուս երախտավորները կերտեցին ու մեզ ժառանգեցին մեր Հայրենիքը։

Իրենց ներքին դատարկությունը քայլածները փորձում են քողարկել անգիր արած մի քանի «լոզունգներով», ղժղժում են ազատության մասին՝ իրականում փորձելով բռնապետություն հաստատել, ազնվության մասին՝ ամեն օր ստելով, արդարության մասին՝ փորձելով ամեն գնով բռնաբարել արդարադատությունը, սիրո մասին՝ ատելության անզուսպ նոպաների մեջ ընկնելով ու ճչալով ծեփելու ու փռելու մասին, ժողովրդին բաժանելով յուրայինների ու թշնամիների, հանդուրժողականության մասին՝ պառլամենտում ոհմակով հարձակվելով այլ կարծիք ունեցողի վրա, կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ իրենք ամեն ամիս թաթը բյուջեի մեջ մտցնելով, իրենք իրենց պարգևատրելով և օրեցօր խրվելով ապօրինի գործարքների մեջ, ժողովրդի կյանքը բարելավելու մասին՝ բարձրացնելով հարկերն ու տուգանքների նորանոր ձևեր հայտնագործելով, ազատ կարծիքի մասին՝ իրենց քննադատողներին սպառնալով «գործեր գտնել» նրանց հարազատների դեմ, կանանց իրավունքների մասին՝ վիրավորելով ոչ միայն քաղաքական այլ հայացքներ ունեցող, այլ հենց իրենց կողմնակից կանանց՝ այլ կարծիք ունենալու համար, պետական արդյունավետ կառավարման մասին՝ տապալելով և կազմաքանդելով ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող կարևորագույն ոլորտները, խոսելով «սուվերենության վերականգնման» մասին՝ երկիրը անարժանապատիվ ու ստորադասված վիճակի հասցնելով բոլոր բարեկամ երկրների հետ հարաբերություններում։ Շարքը երկար կարելի է շարունակել։

Ու այս ամենի պատճառով էր, որ երեկ չկար տոնական տրամադրություն։ Արամ Մանուկյանի արձանի մոտ էլ ամոթով գնացինք, քանի որ չենք կարողացել մեր ժողովրդին ապրեցնել իր դավանած արժեքներով ու այսօր, իր ու իր զինակից ընկերների կողմից Անկախ երկիր կերտելուց 102 տարի հետո, մենք ու Հայաստանի քաղաքացիները հանդուրժում ենք, ու, որ ամենասարսափելին է, մի մասը հրճվում ու հիանում են, մեր Հայրենիքը 2 տարում «բուդկա» դարձրած ու «բուդկչու» «ճարպկությամբ» ու մանր խաբեբայի հոգեբանությամբ կառավարող էս անհասկանալի զանգվածի հետ»։