
Իրենց մտադրությունը ոչ միայն հիմա իմ նկատմամբ խոսքի սահամանփակումներ կիրառելն է, այլ ազատազրկման միջոցով հանրային կայքնից հեռացնելն է: Այս մասին իր դատական նիստից առաջ լրագրողներին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Դա արվում է ոչ պատահական ժամանակահատվածում: Սահամանդրական փոփոխությունների ընդունման պատճառն է, որը ցանկանում են անցկացնել ընտրությունների հետ, որը սակայն օրենքը չի թույլատրում»,- ասաց նա:
Ղազարյանը նշեց, որ իրենց պաշտպանական թիմից Արսեն Բաբայանը միջնորդություն էր ներկայացրել քննիչին, որը մերժվել է: «Ես կարծում եմ, որ մենք այս դատաքննության ընթացքում դրան նորից կանդրադառնանք, որ այս գործի շրջանակներում, որպես մեղադրյալ ներգրավվեն Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, էլի շատ-շատ մարդիկ կային, ովքեր որ թիրախավորել էին և ավելի կոպիտ արտահայտություններ են հնչեցրել քննադատական, վիրավորական իմաստով ՍԴ 2019-20 թվականի կազմի վերաբերյալ, քան ես իմ արտահայտություններն եմ արել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ եթե ՍԴ դատավորներին վիրավորելն է գործի քննությունը, ապա պետք է այդ մարդիկ նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունենան: «Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Սահմանադրական դատարանում էր կազմակերպել շրջափակումը, այլ հենց այս դատարանը ինքը անձամբ էր շրջափակել։ Այդ կադրերը կան, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ եկել է և շրջափակել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության այս դատարանը։
Ես, անկեղծ ասած, սպասում եմ, ժամը 11-ին է կառավարության նիստը, ինչու մինչև այդ պահը, նա մի հատ գա, սիրուն իր ձևով շրջափակի այս դատարանի շենքը, թույլ չտա դատավորները մտնեն ներս: Մի հատ արդարադատության իր ճիշտ խոսքը ասի, նոր գնա կառավարության նիստին։ Ես ակնկալում եմ, երևի կգան էլի, դե հիմա խցանում է, դրա համար մի քիչ ուշանում են, բայց ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, մյուս ՔՊ-ականները մի հատ սիրուն գան այսօր այս դատարանի շենքը շրջափակելու»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ ՍԴ դատավորներին վիրավորելու համար վարույթ է հարուցվել: Ղազարյանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի որոշման հետ կապված ՍԴ դատավորներին դավաճան էր ասել: