«Իրատես». Դիվանագիտական հնարավորությունները ս...

«Իրատես» թերթը գրում է. «Քանի որ վերջին օրերին տարբեր հայտարարություններ են հնչում Արցախի շուրջ, դժվար է ասել, թե այս պահին ինչ դիվանագիտական մարտեր ու ինչ քաղաքական պայմանավորածոթյուններ են ընթանում։ Միայն հստակ է, որ սահմանի ողջ երկայնքով ծանր մարտերը շարունակվում են, շարունակում ենք անդառնալի կորուստներ կրել, մեր երիտասարդների կյանքի գնով դիմադրել ռազմական, ահաբեկչական հզոր ալիքին։ Սակայն նախօրեին դիվանագիտական հարթակում «ճեղքում» եղավ։

Բացի կրակի դադարեցման հորդորներից, բաց տեքստով խոսվեց հող հանձնելու մասին, այլ խոսքով, տարածք՝ խաղաղության դիմաց։ Բնականաբար սա հայկական կողմի համար ամենաանցանկալի առաջարկն է։ Հայաստանի ոչ մի ղեկավարի նման քայլը չի ներվելու։ Հիմա առավել եւս հող հանձնելը դավաճանական կդիտվի, որովհետեւ հնարավոր չէ պատկերացնել, թե այսքան զոհերի գնով պահված հողը ինչպես պիտի տալ թշնամուն։

Պատերազմն էլ, սակայն, հարցի լուծում չէ, հնարավոր չէ Արցախի հարցը կարգավորել ռազմական ճանապարհով, եթե ողջ ազգով էլ կանգնենք սահմանին, մեր դիմաց կրկնակի շատ մարդկային ռեսուրսով, գերժամանակակից սպառազինության պաշարով երկրներ են։

Սա Հայաստան-Ադրբեջան պատերազմ չէ։ Ոչ մեկը մեր զինվորի հերոսությանը չի կասկածում, բայց կա անհերքելի փաստ. մենք մեկ երկրի ու նրա զինուժի դեմ չենք պայքարում, իսկ ահաբեկչական ալյանսի դեմ միայնակ դուրս գալը, համաձայնեք, շատ բարդ է։ Որքան էլ այսօր պատերազմելուց բացի այլ ելք չտնեսնենք, փաստ է նաեւ, որ աշխարհում վաղուց պատերազմները տեղափոխվել են դիվանագիտական հարթակ, որտեղ էլ ավելին են երկրները ստանում, քան միմյանց դեմ զենք կիրառելով։

Սխալ է ասել, թե դիվանագիտական բոլոր հնարավորությունները ապառվել են ու մնացել է միայն պատերազմելը։ Բայց Հայաստանի վարչապետն այսօր միայն ռազմի դաշտում է տեսնում խնդրի լուծումը։ Նրա վերջին ուղերձը դրա մասին էր վկայում։

Բայց ինչ-որ պահի լռելու են զենքերը, եւ խոսելու են դիվանագետները։ Ահա այստեղ է գլխավոր հարցը, թե հայկական կողմը ինչ դիրք է զբաղեցնելու։ Այսպես թե այնպես ցանկացած լուծում փոխզիջում է պահանջում, ո՞րն է փոխզիջման այն առավելագույն չափը, որը պետք է հայկական կողմի համար ընդունելի լինի։

Մինչ այդ փաստենք, որ աշխարհում դժվար կհանդիպես մեկ այլ երկրի, որը պատերազմում հաղթել է, բայց հետո ինքնակամ վերադարձրել է իր հողերը։ Երբ առաջարկվում է հող զիջել եւ ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, խոսվում է երկու հակադիր բեւեռների մասին, որովհետեւ տարածք վերադարձնելով, նախ Արցախում խախտվում է անվտանգության ողջ գոտին, Ադրբեջանի ախորժակը միանշանակ չի բավարարվում, հետո էլ դրանով ոչ թե արցախցու անվտանգությունն է երաշխավորվում, այլ հակառակը՝ նա ավելի մեծ սպառնալիքի տակ է հայտնվում։

Բանակցությունների հիմքում միայն Արցախի անվտանգությունը դնելը (հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանությունը վերջին երկու տարում մշտապես խոսել է հենց այս ելակետը հիմք ընդունելով) եւս խնդրահարույց է, որովհետեւ ադրբեջանական քարոզչությունը մշտապես հայտնում է, թե իրենք ամեն ինչ կանեն, որ ապահովեն ժողովրդի անվտանգությունն իրենց հովանու ներքո։ Դրանով կարող են աշխարհի աչքին թոզ փչել, բայց մենք գիտենք, չէ՞, թե ինչ է նշանակում այդ անվտանգությունը։ Դրա համար տարածք ոչ միայն խաղաղության դիմացն է մերժելի, այլեւ Ադրբեջանի՝ իբրեւ անվտանգության խոստումների։

Արցախի կարգավիճակի հստակեցումը, ինքնորոշման խնդիրը պետք է առաջնային դիտարկվի, իսկ այս հարցն առայժմ չափազանց մշուշոտ է, քանի որ ըստ ՌԴ արտգործնախարարի, սեղանին դրված է դեռեւս, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը որպես առաջին քայլ ենթադրում է տարածքների հանձնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում