Իրաքում հրթիռակոծության է ենթարկվել Բաղդադից հյուսիս գտնվող «Բալադ» ավիաբազան: Դեպքի հետևանքով վիրավորվել է իրաքցի 4 զինծառայող:
Interfax-ի փոխանցմամբ՝ «Բալադ» ավիաբազայում են տեղակայված ամերիկացի ռազմական հրահանգիչները, խորհրդատուները և ամերիկյան F-16 կործանիչի տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետները:
Իրաքի անվտանգության ծառայությունները հաղորդել են, որ ամերիկացի զինվորականների շարքում տուժածներ չկան:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հրթիռակոծության պատասխանատվությունը:
Բազայում սովորաբար տեղակայվում են արտասահմանցի զինվորականները, այդ պատճառով էլ այն երբեմն դառնում է թիրախ զինյալների համար, որոնք կողմ են Իրաքից ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների ուժերի դուրսբերմանը:
Հունվարի 4-ին «Բալադն» արդեն հրթիռակոծվել էր, որից հետո շիա աշխարհազորայիններն իրաքցի զինվորականներին խորհուրդ էին տվել հեռու մնալ ամերիկյան բազաներից: