
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Դեյվիդ Լեմիի հետ հեռախոսազրույցում կրկնել է միջուկային ծրագրի հարցով բանակցություններ վարելու Թեհրանի պատրաստակամությունը։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Լեմին շնորհավորել է Արաղչիին Նովրուզի առթիվ և վերահաստատել Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի հանձնառությունը Իրանի միջուկային ծրագրին դիվանագիտական լուծում գտնելու գործում։ Նա նաև նշել է, որ շուտով այդ հարցը կքննարկի եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների հետ։
Արաղչին իր հերթին քննադատել է Թեհրանի դեմ պատժամիջոցների շարունակումը և եվրաեռյակին (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Իրանի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային խնդիրների նկատմամբ։
Իրանի արտգործնախարարը նաև կրկել է, որ Իրանը պատրաստ է դիվանագիտական երկխոսության՝ կապված իր խաղաղ միջուկային ծրագրի հետ, սակայն կրկնել է, որ ճնշման և սպառնալիքների ներքո ուղիղ բանակցություններն իմաստ չունեն՝ նկատի ունենալով ԱՄՆ իշխանությունների հայտարարություններն Իրանի հետ բանակցությունների մասին։
Նա նաև հաստատել է, որ համապատասխան դիվանագիտական ուղիներով Թեհրանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին՝ ուղղված երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։
Իրանի և Բրիտանիայի արտգործնախարարները նաև ողջունել են Լոնդոնում և Թեհրանում նոր դեսպանների նշանակումը՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի երկկողմ հարաբերություններին։