Ինչումն է խնդիրը, որ Մոսկվան նույնպիսի ջանասի...

Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցը, որի ընթացքում այլ հարցերի շարքում, խոսվել է նաեւ Արեւելա-Ուկրաինական հակամարտության կարգավորման մասին։

Ըստ Կրեմլի տարածած հայտարարության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել է, որ Կիեւի եւ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների միջեւ ուղիղ երկխոսություն սկսվի։ Այս օրերին բավական ակտիվացել են ռուսական մամուլում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հրապարակումները, որոնք հիմնականում փորձում են ռուսական ջանքերը արժեւորել եւ հարցը ներկայացնել այդ լույսի տակ։

Թեեւ մասնագիտական շրջանակներում հակված չեն նմանություններ տեսնել Արեւելա-Ուկրաինական եւ Ղարաբաղյան հակամարտությունների միջեւ, սակայն ամեն դեպքում կա հետաքրքիր մի նրբերանգ։ Ռուսաստանը երկու դեպքում էլ անմիջականորեն ներգրավված է հակամարտությունների կարգավորման գործում։

Ուկրաինական խնդրի պարագայում Մոսկվան շեշտում է, որ անհրաժեշտ է, որպեսզի Կիեւը մի կողմից եւ Դոնեցկն ու Լուգանսկը մյուս կողմից ուղիղ կապի մեջ մտնեն։ Սա հասկանալի է, որոշակիորեն լեգիտիմացնում է նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին։

Սակայն ինչումն է խնդիրը, որ Մոսկվան նույնպիսի ջանասիրությամբ չի պնդում, որպեսզի ուղիղ երկխոսություն սկսվի Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ, հատկապես, երբ Ստեփանակերտը եղել է բանակցային սեղանին մինչեւ մի որոշակի պահ եւ հետո էլ, ըստ բանակցային գործընթացի բազա հանդիսացող Մադրիդյան սկզբունքների, կրկին վերադառնալու է բանակցային սեղան։

Չէ որ այս դեպքում, եթե այսպես ասենք, Ստեփանակերտը վերադառնար բանակցային սեղան, ապա Բաքուն այլեւս հնարավորություն չէր ունենա արհեստածին կառույցներ երկնելու, ինչպիսն «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված կազմակերպությունն է, եւ ոչ էլ այդ կառույցի ղեկավարին նախ տանելու Ադրբեջանի խորհրդարան, այնուհետեւ էլ՝ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակություն ու տրամադրություններ չէին լինի որպեսզի ասենք Արայիկ Հարությունյանն ու Թուրալ Գյանջալիեւը դիտարկվեն որպես իրավահավասար գործիչներ, կամ ինչպես հիմա է նորաձեւ ասել՝ «ընտրյալ ներկայացուցիչներ»։