Ինչու պարտվեց Դոնալդ Թրամփը

Վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ամենայն հավանականությամբ կհաղթեր այս տարվա նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները եւ կպաշտոնավարեր երկրորդ ժամկետում, եթե հակակորոնավիրուսային պատվաստանյութը ԱՄՆ-ում մշակվեր թեկուզ մի ամիս առաջ, իսկ հիմա փաստ է այն, որ Թրամփը պարտություն է կրել, իսկ ամերիկյան հասարակությունը պառակտված։ Մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսային համավարակն առանցքային դերակատարություն ունեցավ Թրամփի պարտության համար, իսկ եթե օրինակ Pfizer-ի եւ Moderna-ի պատվաստանյութերը գոնե մեկ ամիս շուտ պատրաստ լինեին, ապա Թրամփը այդ փաստը կկապիտալիզացներ եւ կօգտագործեր իր քաղաքական նպատակների համար, ու կկարողանար հաղթել։ Իսկ ներկա իրավիճակում, շարքային ամերիկացին տեսավ, որ Թրամփը մի առաջնորդ է, ով չի կարողանում կառավարել իրավիճակը ինչպես հարկ է, իրավիճակ, որը կարելի է համարել համարժեք ռազմական դրությանը։ Մյուս կողմից, ընտրյալ նախագահ Բայդենը, ով կստանձնի նախագահական լիազորությունները այն ժամանակ, երբ արդեն պատվաստանյութի արտադրությունը կընթանա ամբողջ թափով, դժվար թե կորոնապատվաստանյութը կարողանա ծառայեցնել իր քաղաքական շահերին։ Պատվաստանյութի մշակումը դա առաջին քայլն է։ Երկրորդ քայլը դրա իրացումն է, երրորդը՝ համոզելը մարդկանց, որ պատվաստվեն։ Իսկ երրորդ փուլը հատկապես ամենաբարդն է, քանի որ ամերիկացիների 50 տոկոսն է միայն պատրաստ պատվաստվելու։ Այս առումով Բայդենը պակաս բարդ խնդրի առաջ չի կանգնած, քան Թրամփը՝ համավարակի ամենածանր փուլերում։ Եթե այս խնդիրը նա կարողանա հաղթահարել, ապա կմնա պատմության մեջ որպես ԱՄՆ մեծագույն նախագահներից մեկը։