Ինչու է ռուսերենը դարձվում պաշտոնական լեզու Ա...

Արցախի ԱԺ կայքում, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման, հրապարակվել է օրենքի նախագիծ, որով լրացվելու է Արցախի «Լեզի մասին» օրենքը եւ ռուսերենը դարձվում է հայերենին զուգահեռ պաշտոնական լեզու։ Ըստ փոփոխության, գործավարությունը կատարվելու է հայերենով, սակայն հարկ եղած դեպքում նաեւ ռուսերենով։ Պատճառները ինքնին հասկանալի են։ Ռուս խաղաղապահների տեւական ներկայությունը իր հետ բերում է ռուսերենի կիրառականության ավելացում։ Բացի այդ, խորանում են կապերը Ռուսաստանի հետ։

Սակայն կա եւս մեկ կարեւոր հանգամանք, որ պետք է ուշադրություն դարձնել։ Ռուսերենը դարձնելով պաշտոնական լեզու՝ Արցախի հայ բնակչությունը ըստ էության անդամագրվում է ռուսալեզու աշխարհին եւ բարձրացնում իր անվտանգության մակարդակը։ Բանն այն է, որ Ռուսաստանը չափազանց զգայուն է լեզվի հարցում եւ իր պաշտպանության տակ է առնում աշխարհի բոլոր ռուսալեզու մարդկանց։ Այլ կերպ ասած, այս քայլով, արցախահայությունը ուղիղ կերպով հայտնվում է Ռուսաստանի հովանու ներքո։

Սա նաեւ կարեւոր է այն պատճառով, որ ստեղծվում են իրավական հիմքեր, որպեսզի հետագայում, եթե Ադրբեջանը անցանկալի «անակնկալներ» մատուցի, ապա Մոսկվան կարողանա որպես ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտություն իր կողմից կտրուկ, գուցե եւ արմատական հակաքայլեր ձեռնարկել։

Չենք ուզում ժամանակից առաջ ընկնել, սակայն Ղրիմի օրինակը երբ ուսումնասիրենք, ապա կրկին ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության հիմքով էր, որ հանրաքվե անցկացվեց եւ երկրամասը միացավ Ռուսաստանին։