Ինչու Դավոսյան համաժողովին Պուտինի ելույթը մի...

 Հայաստանում, ինչպես շատ այլ դեպքերում, Դավոսյան տնտեսական միջազգային ֆորումը, ընդհանուր առմամբ մնաց աննկատ, թեեւ միջազգային առաջատար լրատվական գործակալությունները, վերլուծական կենտրոնները մեծ ուշադրություն հատկացրեցին։ Հայաստանյան իրականության համար սա նորմալ է, գուցե, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը համաշխարհային նշանակություն ունեցող տնտեսական պրոցեսներից բավականին կտրված է։

Սակայն, այդ համաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահի ելույթը բավական ուշագրավ էր նաեւ մեզ համար, քանի որ անդրադարձ կար Ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակին, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմին, նոյեմբերի 9-10 հրադադարին, այժմյան զարգացումներին, ռուսական կողմի գործադրած ջանքերին։ Պուտինի ելույթը բավական մեծ ուշադրություն գրավեց։ Մասնագետները Դավոսյան ելույթը համարում են համարժեք Պունինի մեկ այլ՝ Մյունխենյան 2007 թվականի ելույթին եւ ծավալով, եւ բովանդակությամբ եւ բարձրացված հարցերով։

Պուտինը միանգամից հասկացրեց իր ելույթում, որ Ռուսաստանը չի պատրաստվում համաշխարհային ֆինանսական ինտերնացիոնալի կամակատարը դառնալ եւ Արեւմուտքը խաբել է եւ սովետական վերջին շրջանի ղեկավարությանը, եւ ռուսական առաջին շրջանի ղեկավարությանը բոլոր առումներով՝ եւ ռազմաքաղաքական եւ տնտեսական, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի ձեռքերն ազատվում են, քանի որ Մոսկվան չէ, որ խախտել է պայմանավորվածությունները եւ խոսելու տեղը, որ գա, Մոսկվան ունի խոսելու թեմա։

Ռուսաստանի՝ ինքնուրույն քաղաքականություն վարելու հայտը, որը ներկայացվեց աշխարհին, նշանակալի է, քանի որ այն նաեւ հստակ ուղերձ է պարունակում, կապված այն բանի հետ, թե ովքեր են կանգնելու իր կողքին կոլեկտիվ Արեւմուտքին դիմագրավելու համար։ Հայաստանն այս իմաստով ընտրություն իհարկե, ժամանակին կատարել էր,սակայն հիմա, հաշվի առնելով նոր իրականությունը, որ կա ռեգիոնում, պետք է թարմացնի այն, որպեսզի պարզ դառնա, թե Հարավային Կովկասում Հայաստանը ում կողմից է հանդես գալու՝ Մոսկվայի, թե Արեւմուտքի։