Ինչ որ բան փակ դռների հետեւում կատարվում է

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ Երեւանը ակնկալում է, որ Թուրքիայի հետ սահմանները կբացվեն։ Նա նշել է, որ թուրքական սահմանը Անկարայի կողմից փակվել է, հաշվի առնելով Ղարաբաղյան ստատուս-քվոն, որը ներկայումս փոխվել է եւ Թուրքիան չունի այլեւս պատճառ՝ Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար։ Ֆորմալ առումով Այվազյանը ճիշտ է։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն իրոք փոխվել է իսկ հայտարարության մեջ որոշ կետեր, ինչպես օրինակ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Նախիջեւանի համար միջանցքի տրամադրումը եւ այլն, արդեն ենթադրում են հարաբերությունների նորմալացում Անկարայի հետ։

Սակայն կան որոշակի հետաքրքիր նրբերանգներ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման մասին առաջինը Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահը Բաքվում։ Իսկ ահա Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ԵԱՀԿ ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ Ղարաբաղյան համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիան հույս ունի, որ հարաբերությունները Հայաստանի հետ կնորմալանան։

Չնայած դեռ շատ հարցեր կան այս առումով, սակայն նախարար Այվազյանի այս վերջին հայտարարությունը բավականին հետաքրքրական է, եթե հաշվի առնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի յոթին Այվազյանը Ռուսաստանի ԱԳ նախարարի Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ շատ ավելի կոշտ էր իր հայտարարություններում, եւ կարծում էր, որ Թուրքիան նախ պետք է Հայաստանի մոտ վստահությունը վերականգնի։

Պարզ է, որ այս փոփոխությունը պատահական չէ եւ հնարավոր է ինչ որ բան փակ դռների հետեւում կատարվում է։ Անկարայի համար կարեւոր է Հայաստանի հետ սահմանի բացումը, սակայն Էրդողանը դեռ չի շտապում, կամ էլ սպասում է ինչ որ ազդակների։ Հնարավոր է այս հարցը Էրդողանը մտադրություն ունի ԵՄ հետ քաղաքական առեւտրում օգտագործել։ Հնարավոր է, որ այն դառնա առեւտրի հարց Անկարա-Մոսկվա հարաբերություններում։ Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ Կովկասում մինչեւ սեպտեմբերի 27-ը եղած գեոպոլիտիկ լանդշաֆտը գրեթե անդառնալիորեն է փոխված։