Ինչ որ բան է տեղի ունենալու եւ «հին գվարդիան»...

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը երեկ բավական հետաքրքիր հայտարարություն էր արել․ նա մասնավորապես ասել էր, որ վերադառնում են երեք կայսրությունները՝ Ռուսականը, Չինականը եւ Թուրքականը /Օսմանյանը/։ Որքան էլ եվրոպացի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարությունում ասվածը լինի ալեգորիկ, սակայն ակնհայտ է, որ այն ցույց է տալիս աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ վերադասավորությունների ներկայիս պրոցեսների համապատկերը։

Այս հայտարարությունն իրականում արտացոլում է գոնե Ռուսաստանի մասով այն, որ Մոսկվան քայլ առ քայլ վերանվաճում է ԽՍՀՄ-ի օորոք ունեցած եւ հետագայում՝ «տարերային իննսունականների» ժամանակ կորցրած դիրքերը եւ վերստին դարձել է համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողներից մեկը եւ դոմինանտ գլոբալ ուժը եվրասիական-հետսովետական տարածքում։

Երեկ Politik.am-ը գրել էր, որ Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարանը տեւական ժամանակ փորձում է արժանանալ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ընդունելությանը, սակայն ապարդյուն, քանի որ ժամանակին թույլ էր տվել իրեն «թելվել» հոկտեմբերի 27-ի հետ կապված Լիտվինենկոյի արած հայտարարությունների թելով։ Մենք արդեն գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանը բավական փորձառու եւ լավ հոտառություն ունեցող քաղաքական գործիչ է, «հին գվարդիայի» ներկայացուցիչ, ով լավ է կարողանում զգալ աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ-քաղաքական քամիների փոփոխությունը։

Բորելի ասած խոսքերը յուրատեսակ իմաստ են ստանում Անդրանիկ Քոչարյանի մասին Politik.am-ի հրապարակման ֆոնին եւ հատկապես՝ բազմանշանակ դառնում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ դեսպան Կոպիրկինի հանդիպման ֆոնին, որի ընթացքում Տեր-Պետրոսյանը փորձել է «իր ոտքերից թափ տալ Փաշինյանական փոշին»։

Ինչ որ բան է տեղի ունենալու եւ «հին գվարդիան»՝ ի դեմս առաջին նախագահի եւ Անդրանիկ Քոչարյանի եւ հնարավոր է էլի այլ անձանց, փորձում է դեռ էս գլխից սիրաշահել Մոսկվային, երեւի իր տեղն ապագայի արեւի տակ ունենալու ակնկալիքով։