Ինչ պետք է սպասեն Հայաստանն ու Ադրբեջանը, եթե...

Եթե այս տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ Ջո Բայդենը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համար դա առավել նվազ կանխատեսելի ապագա կարող է նշանակել, քան Վրաստանի համար։ Բանն այն է, որ 77-ամյա Բայդենը հստակ դիրքորոշում վերաբերմունք չի հայտնել, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ում հանդեպ ունի համակրանք։

Իրականում ուղղակիորեն դա չէր էլ կարող նա անել, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները հանդիսանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին եւ այս երեք երկրները պարտավոր են պահպանել առավելագույն անաչառություն եւ առարկայականություն։ Բայդենը հանդես է գալիս հակամարտության կարգավորման օգտին՝ ընդհանուր ձեւակերպումներ օգտագործելով, ինչպես ընդունված է նման դեպքերում։ Սակայն անուղղակի որոշ ադակներ հուշում են, որ Բայդենը ավելի «հայամետ գործիչ» է։ Մասնավորապես, նա սերտորեն աշխատել է ԱՄՆ հայկական լոբբիստական կառույցների հետ։ 1995-2007 թթ նա եղել է Կոնգրեսի՝ Հայկական հարցերով խմբի անդամ։

Նախկին սենատորը, մասնավորապես աջակցել է «Ազատության աջակցման ակտի»հայտնի 907 ուղղումը, որը արգելում էր Բաքվին աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին չի զեկուցել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է հստակ քայլեր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ցանկացած շրջափակում վերացնելու եւ հրաժարվում է ուժի կիրառման ցանկացած դրսեւորումից։

Բայդենը քվեարկել է Հայաստանին ֆինանսական օգնություն հատկացնելու օգտին։ Ադրբեջանի համար բացասական ազդակ կարող է լինել նաեւ այն, որ Բայդենը բավական բացասական տրամադրվածություն ունի Բաքվի «մեծ եղբոր»՝ Անկարայի հանդեպ։ Այս տարվա ապրիլին Բայդենը խոստացավ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, եթե նախագահ ընտրվի, այն դեպքում, երբ Թրամփը իր թիմով հանդերձ, սովորաբար իրեն հեռու է պահում այն ամենից, ինչը կարող է Անկարային ջղաձգման առիթ տալ։