Ինչ կմնա Հայաստանից «աշխարհաքաղաքական վերադաս...

Այն, ինչ այսօր Հայաստանում կատարվում է, գուցեեւ շատերի համար զուտ ներքաղաքական լոկալ մակարդակում ծավալվող պրոցեսներ են, սակայն իրականում, չպետք է մոռանալ, որ աշխարհում նոր աշխարհակարգը դեռեւս ամբողջապես չի ձեւավորվել, եւ գեոպոլիտիկ տեկտոնիկայի ակտիվությունը ազդում է նաեւ Հարավային Կովկասի վրա, եւ այդ համատեքստում Հայաստանը, գուցեեւ սկսել է ենթարկվել աշխարհաքաղաքական վերադաստիարակման։

Բանն այն է, որ Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակում, ընդդիմության փողոցային պայքարի եւ ԳՇ հայտարարության ֆոնին Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցը անկախ այն հանգամանքից, թե ինչի մասին է եղել կամ ինչ հաղորդագրություն է տարածվել Պետդեպի կողմից /հայկական կողմի տարածած հաղորդագրությունը կարելի է համարել անհավաստի/ ամեն դեպքում որոշակի քաղաքական աջակցություն է Հայաստանի գործող իշխանություններին։ Սակայն, ինչպես ասում են, այդ աջակցությունը «անվճար» չի լինելու եւ ամենայն հավանականությամբ, եթե նման աջակցություն լինի էլ, ապա դրա գինը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, այսինքն թե՝ Հայաստանը աստիճանաբար սկսելու է բռնել Վրաստանի ուղին։

Արդեն իսկ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի արդյունքները վկայում են, որ այդ դրեյֆումը Հայաստանի համար էլ նույնքան ցավոտ է, որքան որ ցավոտ էր ժամանակին այն Վրաստանի համար։ Ու այն, որ Հայաստանի՝ ռուսական ուղեծրից դուրս գալու որոշակի նշաններ սկսել են երեւալ, կարելի է զգալ նաեւ այն հանգամանքից, որ Հայաստանի համար այժմյան փուլում կարելի է ասել կենսական կարեւորություն ունեցող հայ-ռուսական հարաբերությունների բարելավվումից խոսում է միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ իշխանությունները, որոնք կանգնած են լրջագույն անվտանգային խնդիրների առաջ եւ չեն կարողանա լուծել դրանք առանց ռուսական կողմի աջակցության, առավելագույնը, որ կարողանում են անել իրենց լիդերի բերանով «Իսկանդերների» հետ կապված աղմուկը բարձրացնելն ու հետո՝ «նահանջելն» էր բավական տհաճ կերպով։

Ու պատահական չէ, որ արդեն բարձրաձայն է խոսվում այն մասին, որ Հայաստանի գործող իշխանությունները իրենց լիդեր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարելի է ասել սպասարկում են «ամերիկա-բրիտանա-թուրք-ադրբեջանական» քաղաքական կոնսորցիումի շահերը եւ հիմա ըստ էության զբաղված է այդ կոնսորցիումի առաջ ստանձնած պարտավորությունները ի կատար ածելով։

Այս ամենն ինչ խոսք բավական հետաքրքիր լինելուց բացի նաեւ չափազանց վտանգավոր է, որովհետեւ, եթե ավելի լայն հայացքով նայենք, ապա այն ինչ կատարվում է Հայաստանում, դա աշխարհաքաղաքական մեծ դիմակայության լոկալիզացված մոդել է, եւ հղի իրավիճակը վերահսկելիությունից դուրս բերելու, իսկ ավելի պատկերավոր ասած՝ Հայաստանն Ուկրաինայի վերածելու հեռանկարով։

Ընդ որում, եթե այս պրոցեսը ծավալվում է, ապա այն մեկ օրում չի ավարտվելու ու բարդ հարց է առաջանում, իսկ ինչ կմնա Հայաստանից «աշխարհաքաղաքական վերադաստիարակումից» հետո, կամ կմնա արդյոք հայկական պետականությունից ինչ որ բան, թե չէ եւ ովքեր են լինելու աշխարհաքաղաքական առաջնապլանում Երեւանի համար՝ արդյոք Անկարա՞ն՝ Վաշինգտոնի եւ Լոնդոնի ղեկավարությամբ, եւ եթե այո, ապա ինչպես են հաղթահարվելու հարյուրամյա պատմական կարծրացած հիմք ունեցող խնդիրները հայ-թուրքական հարաբերություններում։