Ինչ կարելի է սպասել Պոմպեո-Մնացականյան եւ Պոմ...

Արդեն պաշտոնապես հաստատված է, որ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի քսաներեքին, հանդիպելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ առանձին-առանձին։ Նախօրեին արդեն, տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ նա որոշակի մտքեր արտահայտել է, կապված սպասվող հանդիպումների հետ կապված։ Ելնելով՝ ամենավատ դիվանագիտությունը նույնիսկ ավելի լավ է պատերազմից, մեկնարկային կետից, կարող ենք ասել, որ նույնիսկ եթե այդ հանդիպումները կրեն սիմվոլիկ բնույթ, միեւնույնն է, դրանց մասնակցությունը կարեւոր է եւ անհրաժեշտ։ Սակայն ամեն դեպքում հարց է, թե այդ հանդիպումները իրատեսական կերպով ինչ կարող են տալ թեկուզ եւ Ղարաբաղյան ճակատում կրակի դադարեցման մասով։ Որեւէ կերպ կասկածի տակ չենք դնում այն, որ Միացյալ Նահանգներն ունի բավարար գործիքակազմ եւ լծակներ ազդելու ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի վրա, կրակի դադարեցմանը հասնելու համար։ Միջուկային գերտերության համար դա խնդիր չէ։ Հաշվի առնելով ռուսական եւ ֆրանսիական փորձերի չհաջողված ընթացքը, կարելի է ենթադրել, որ ամեն դեպքում, եթե Պոմպեոյին հաջողվի դա անել, զուտ հեղինակության, վարկանիշի մասով բավական շատ դիվիդենդներ կշահի։ Հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ խոսքը մի այնպիսի ռեգիոնի մասին է, որը ավանդաբար համարվել է ռուսական ազդեցության ոլորտ։ Թուրքիայի մասով առանձին վերցված՝ Միացյալ Նահանգներն ունի որոշակի «ատամ» ցույց տալու առիթ․ թեկուզ վերցնենք ռուսական Ս-400 համակարգերի փորձարկումը Սինոպում, որի առնչությամբ արդեն Պետդեպը նեգատիվ հայտարարությամբ հանդես եկավ։ Սա կշեռքի մի նժարում։ Իսկ մյուս նժարում՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարեւոր դաշնակից է, ինչպես օրեր առաջ հայտարարեց ՆԱՏՕ-ի եւս մեկ առանցքային պետության՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։ Բացի այդ, արդեն Ադրբեջանը Միացյալ Նահանգների կողմից օգտագործվում է որպես գործիք՝ Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիայի, իսկ որ ավելի անկեղծ լինենք՝ ռուսական գազի հանդեպ այլըտրանքներ ստեղծելու գործընթացի մեջ՝ ՏԱՊ եւ ՏԱՆԱՊ գազամուղների միջոցով։ Բացի այդ, Ադրբեջանը, Վրաստանի հետ միասին տարանցիկ ուղի է ԱՄՆ համար՝ իր զորքերը իր բոլոր ածանցյալներով Աֆղանստանից դուրս բերելու հարցում։ Եվ Բաքվում, եւ Անկարայում այս ամենի մասին շատ լավ գիտեն։ Ու հարց է, թե այս ամբողջը կշեռքի վրա դնելուց հետո, ԱՄՆ-ն ըստ սեփական շահերի թելադրանքի, ինչ եզրակացություններ կանի․ դրանից էլ հենց կախված է այն, թե ինչ կարող ենք մենք ակնկալել սպասվող Պոմպեո-Մնացականյան, եւ Պոմպեո-Բայրամով հանդիպումներից։