Ինչ ինտրիգ կա Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր...

 Շուշիի մոտակայքում «Իսկանդեր» համակարգի մնացորդների հայտնաբերումը ադրբեջանական սակրավորների կողմից եւ նման բեմականացված ցուցադրումն ինչ խոսք բավական ինտրիգային իրավիճակ է ստեղծում, հատկապես, որ դրանից առաջ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «10 տոկոսով պայթած «իսկանդերների» մասին հայտարարությունից հետո եւ Մոսկվան եւ Բաքուն պաշտոնապես հայտարարել էին, որ «Իսկանդեր» համակարգեր Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում չի կիրառվել։

Ստացվում է, որ հիմա Բաքուն ուզում է հերքել եւ իր նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախորդիվ արած հայտարարությունը, եւ Մոսկվայի պաշտոնական հայտարարությունը։ Ինչու՞։ Հայաստանյան որոշ շրջանակների կողմից առաջ մղվով այն տեսակետը, որ այդ կերպ Բաքուն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, իրականում այնքան էլ այդպես չէ։ Ադրբեջանական կողմի հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Իսկանդեր»-ը պայթել է ամբողջությամբ եւ մնացորդներում պայթուցիկ չկա, այսինքն թե՝ «10 տոկոսով պայթելու հավանականությունը» այնքան է հնարավոր, որքան օրինակ որեւէ կին եթե հայտարարի, որ «10 տոկոսով է հղի»։

Ստացվում է, որ «բազարը» այստեղ զուտ կամ ռուս-ադրբեջանական է, կամ ռուս-թուրք-ադրբեջանական։ Ադրբեջանական կողմը հրապարակել է մակնշումային թվային տվյալներ, որոնք հաստատում են, որ տվյալ հրթիռը իրոք «Իսկանդեր» համակարգի է պատկանել, սակայն չի նշվում, թե դա որ տարբերակն է՝ ռուսական զինուժի համար նախատեսվածը, որ 10 տոկոսով ավելի հզոր է պայթում, թե արտահանման համար նախատեսվածը։ Սա արդեն հավելյալ ինտրիգ է առաջացնում, այն առումով, թե արդյոք ռուսական կողմը չի հարվածել «Իսկանդերով» ադրբեջանական կողմին, Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում։

Ադրբեջանական կողմը նաեւ չի կարողացել պարզել, թե որտեղից է արձակվել հրթիռը։ Թեեւ Հայաստանում էլ կան հավաստիացնողներ, որ «Իսկանդեր» կիրառվել է, սակայն, հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական ներկայիս վիճակը այս կարգի հավատիացումներին պետք է որոշակիորեն վերապահումով մոտենալ։

Այն, որ ռուսական կողմը կարող էր հարվածել Ադրբեջանին «Իսկանդեր» համակարգով, կարելի է բացառել, քանի որ այդ դեպքում դա կնշանակի լրիվ այլ իրավիճակի զարգացում, որը չեն ուզում առաջին հերթին ռուսները։ Բացի այդ, միեւնույնն է, մնացորդները հայտնաբերվելու էին, ու ինչպես ասում են «մախաթը պարկում թաքցնել չէր հաջողվի»։ Հայաստանի կողմից հարվածն էլ հերքում է ՌԴ ՊՆ-ն ասելով, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդեր» չի կիրառվել։

Այդ դեպքում որտեղից «Իսկանդերի» մնացորդները հայտնաբերվեցին Շուշիի մոտակայքում, ինչպես հայտարարում է Բաքուն։ «Իսկանդերը» այն սպառազինությունն է, որի յուրաքանչյուր «շնչառական շարժումը» պատկերավոր ասած՝ համարակալված է։ Եվ ամեն օր չէ, որ այն կիրառվում է։ Հետեւաբար, մեծ դժվարություն չի մասնագետների համար հրթիռի վրա պահպանված մանշումային եւ այլ տվյալներով պարզել, թե կոնկրետ այդ հրթիռը որտեղ եւ որ ժամին է արձակվել։

Հայտնի է օրինակ, որ «Իսկանդեր» ռուսները կիրառել են Սիրիայում՝ ընդդեմ ահաբեկիչների, ներառյալ նաեւ՝ թուրքամետ ահաբեկիչների, որոնք կռվել են Ղարաբաղում նաեւ՝ Բաքվի կողմից՝ Էրդողանի «քավորությամբ»։ Լիովին հավանական է, որ հայտնաբերված մնացորդները իրականում լինեն Սիրիայում արձակված «Իսկանդերի» մնացորդներ, որոնք անակնկալ «հրաշքով» եկել հասել են Շուշի եւ «հայտնաբերվել» Շուշիում, որպեսզի դառնան «քաղաքական բազարների» խիստ կարճաժամկետ նշանակության «խաղաթուղթ»։