Ինչ հավանական մանեւր արեց Իլհամ Ալիևը՝ վարչապ...

Ադրբեջանում ինչ որ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Երեկ, ինչպես հայտնի է, հրաժարական տվեց այդ երկրի վարչապետ Նովրուզ Մամեդովը, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի ապրիլին։ Նույն օրվա մեջ նրան փոխարինեց Ալի Ասադովը։

Լեզվաբանին փոխարինեց տնտեսագետը։ Եվ Մամեդովը եւ Ասադովը ծնունդով Նախիջեւանի ինքնավար հանրապետությունից են։ Երկուսն էլ գրեթե միաժամանակ են սկսել աշխատել Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, դեռ Հեյդարի Ալիեւի օրոք․ Մամեդովը 1997 թվականից, Ասադովը՝ 1998, եւ համարվում են հին գվարդիայի ներկայացուցիչներ։

Թե իրականում ինչ նպատակով է Իլհամ Ալիեւը վարչապետ փոխում, իհարկե, դեռ կպարզվի։ Սակայն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանում հասունանում է հանրային լուրջ դժգոհություն, կապված այդ երկրի՝ սոցիալ-տնտեսական վիճակի վատացման հետ։ Նավթի գնային վայրիվերումները համաշխարհային շուկայում եւ այլ գործոններ հանգեցրել են ադրբեջանական ազգային արժույթ մանաթի էժանացմանը, ինչն իր հերթին բերել է մարդկանց բարեկեցության նվազմանը։

Պատահական չէ, որ նույնիսկ ադրբեջանական՝ գրեթե տոտալ վերահսկվող մամուլում եւ պաշտոնական վիճակագրության մեջ հնարավոր չէ արդեն թաքցնել տնտեսական եւ սոցիալական խնդիրները, որոնց մեջ առաջին ցուցիչը խնդրահարույց դարձելիություն ունեցող վարկային պորտֆելի կտրուկ մեծացումն է, որի ուղղությամբ ի դեպ, Ալիեւի վարչակազմը փորձում է այնպիսի գործողություններ իրականացնել, որ սիրաշահի հասարակությանը։

Ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիեւը վարչապետի փոփոխությամբ փորձում է կարճաժամկետ էֆեկտ ստանալ՝ տնտեսագետին, ով ի դեպ իր տնտեսական հարցերով օգնականի պաշտոնն է զբաղեցրել մինչ այս նշանակումը, բերելով տնտեսության պատասխանատուի պաշտոնին։ Նման փոփոխությունների պրակտիկան լայնորեն կիրառվում է աշխարհում եւ որպես կանոն հեռացողի հետ է կապվում, թեկուղ անուղղակի կերպով, զուտ ակնարկներով, ընթացիկ տնտեսական վիճակի վատացումն ու դրանով հույսեր արթնացվում, որ «այդ էս մեկը, հաստատ մի բան փոխելու է»։

Ի դեպ, ադրբեջանական եւ ադրբեջանամերձ ռուսական անալիտիկ շրջանակները արդեն այս ուղղությամբ սկսել են Ասադովի համար՝ որպես Իլհամ Ալիեւի տնտեսական կայունության քաղաքականության ճարտարապետի կերպարը կերտելով։