Ինչ է նշանակում Փաշինյանի առաջարկած պլանը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրեց իր պլանը, որը պետք է կարգավորի սահմանային իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Նա արձանագրեց, որ իրադրությունը լարված է եւ այն աճի միտում ունի։ Նա ասաց, թե կա հավանականություն, որ մեր զինված ուժերի ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո ադրբեջանցիները կփորձեն պատասխան քայլ անել ու այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջարկն հետեւյալն է․ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են, որ շատ արագ 2 կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից, «մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր։ Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող, դիտորդների ներկայությունը այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը Սոթք և Խոզնավար հատվածների մասին է, և հետագայում դիտորդների առկայությամբ տեղի ունենա սահմանների ճշգրտման աշխատանքները։ Սա այն է, ինչի մասին մենք վաղուց էինք ասել, Ռուսաստանը հերթական անգամ իր չարդարացված կայսերապաշտական տվայտանքների եւ հետխորհրդային տարածքն ու հատկապես Հարավային Կովկասն ու Հայաստանը որպես ետնաբակ կամ «վոտչինա» համարելու պատճառով կանգնեց ռեալ կերպով Հայաստանը, իսկ Հայաստանի հետ մետեղ նաեւ՝ ողջ Հարավային Կովկասը կորցնելու վտանգի առաջ, քանի որ սա այն է, ինչի մասին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, ընդհանրապես՝ կոլեկտիվ Արեւմուտքը կարող է երազել։ Ու դժվար թե Արեւմուտքը չհամաձայնի դիտորդներ տեղակայել, կամ կրկին նախաձեռնողականությունը զիջի Ռուսաստանին։ Սա այն է, որը սպասելի էր դեռ այն օրերից, երբ 44-օրյա պատերազմում մինչեւ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցումը, Ռուսաստանն իրեն պահում էր «ամոթխած խոնարհ հարսի» նման։ Ու հիմա, Մոսկվան այլեւս ոչ մեկին մեղադրելու բան չունի։ Հաջորդիվ Կենտրոնական Ասիան է։