Ինչ դավադրություն կա Սյունիքյան իրավիճակի հետ...

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների՝ Աֆղանստանից զորքերի հանելու վերջնաժամկետների մասին (մինչեւ սեպտեմբեր) հիշեցումները ավելի հաճախակիացան, միջազգային մամուլում, հատկապես ամերիկյան՝ լիբերալ պարբերականներում, որոնք ուղղակիորեն կապված են գործող դեմոկրատական վարչակազմի հետ, հայտնվեցին հրապարակումներ, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Աֆղանստանից զորքերը տեղափոխել Կենտրոնական Ասիա կամ Մերձավոր Արեւելք։

Կենտրոնական Ասիայի մասով վերապահում եղավ՝ ռուսների ներկայությունը չափազանց զգալի է։ Այդ ընթացքում մի քանի օր սրացավ ղրղզա-տաջիկական սահմանային իրավիճակը․ ի դեպ այնտեղ էլ վերջնական դեմարկացիայի խնդիր կա։ Մոսկվայի ջանքերով կարծես թե իրավիճակը հարթվում է։ Հայաստանում երեկվանից սկսված անսովոր իրադրությունը, կապված Սյունիք ադրբեջանական զորախմբի ներթափանցման հետ, ակամա որոշ հետաքրքիր մտքեր են առաջացնում։

Կա տպավորություն, որ ակամա Ռուսաստանը ներքաշվում է հնարավոր բախման մեջ։ Ամեն դեպքում տարօրինակ է այս մասով եւ Բաքվի լռությունը, եւ Հայաստանի իշխանությունների զարմանալի հանգստությունը․ մինչ այս պահը Ռուսաստանին դիմում կամ ՀԱՊԿ-ին դիմում չի արվել։

Հասկանալի է, որ ռուս-ամերիկյան առճակատման ֆոնին Ռուսաստանի սահմանների մոտ կրակե օղակ է ստեղծվում։ Ղրղզա-տաջիկական սրացումը նման մի փորձ էր, որը մարցվեց։ Ու հիմա հարց է առաջանում, իսկ Հայաստանում նման նոր փորձի ականատեսը արդյոք չենք դառնում, եթե շրջանառվող փորձագիտական կարծիքների համաձայն, Բաքվի վերջին շրջանի հակառուսական տրամադրությունները ամերիկյան ուղիղ պատվերի կատարում են հանդիսանում։ Ինչ որ բան, կարծես թե կատարվում է, բայց թե ինչ, դեռ ժամանակը ցույց կտա։