«Իմ քայլ»-ում պառակտման նոր պատճառ կա․ Փաշինյ...

Լանսարոտեի կոնվենցիայի վավերացումը, որը տեղի ունեցավ օրեր առաջ, հերթական լուրջ փորձության առաջ է կանգնեցրել Նիկոլ Փաշինյանին, և կրկին վեր հանել իշխող թիմում, հատկապես վերջինիս օրենսդիր ֆրակցիայում եղած հակասությունները։

Բանն այն է, որ այդ քվեարկությանը չեն մասնակցել իմքայլական մի շարք պատգամավորներ, տարատեսակ պատճառաբանություններով՝ կորոնավիրուսային կանխարգելիչ մեկուսացումից մինչեւ դեմոնստրատիվ կերպով չմասնակցություն, որպես անհամաձայնության նշան կոնվենցիայի հանդեպ։ Հատկապես վերջին պարագան դիտվել է որպես հերթական ըմբոստությունը ընդդեմ Փաշինյանի։

Մամուլում արդեն մի քանի օր է շրջանառվում են լուրեր, որ հնարավոր է Փաշինյանը սկսի ռեպրեսիաներ այդ ըմբոստների դեմ, հատկապես, որ նույնիսկ ֆեյսբուքյան հարթակում ըմբոստները այլեւս ձեւականությունների հետեւից չեն ընկնում եւ իրենց անհամաձայնությունը հայտնում են բարձրաձայն։ Իրականում, սակայն, Փաշինյանը Լանսարոտեի կոնվենցիայի վավերացման քվեարկությամբ իրոք հայտնվեց բավական վատ դրության մեջ։

Փորձենք բացատրել, թե ինչու։ Կոնվենցիայի հանդեպ հայաստանյան հասարակության արձագանքը ընդգծված նեգատիվ եղավ, մոտավորապես այնքան, որքան Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ է։ Այն համարվում է հայկական արժեհամակարգին եւ բարոյական նկարագրին ոչ համապատասխան, որքան էլ որ փորձ արվի հակառակն ապացուցել եւ լայն զանգվածներ հայաստանյան հասարակության մեջ նեգատիվ կարծիքների կիսողն են։

Այս պայմաններում, եթե գործող վարչապետը փորձի ռեպրեսիաներ կիրառել այն իմքայլական պատգամավորների հանդեպ, որոնք անհամաձայնություն ունենալով կոնվենցիայի հանդեպ չեն քվեարկել, ապա ուղիղ կոնֆրոնտացիայի մեջ կմտնի վերջիններիս ընտրողների հետ, որոնց առաջ են այդ պատգամավորները հաշվետու առաջնահերթ կերպով, որպես այդ մարդկանցից քվե ստացածներ։

Ու Փաշինյանի համար կլինի բավական բարդ հասկացնել ընտրողներին, թե ինչու է նա պատժում օրինակ որեւէ պատգամավորի, ով դեմ է քվեարկել մի փաստաթղթի, որը տիրապետող կարծիքի համաձայն, այլ բան չէ, քան «արեւմտյան այլասերում բերող հերթական գործիքը»։ Մինչդեռ նման հալածանքների դեպքում, ըմբոստները կարող են ներկայանալ որպես ազգային նկարագրի, արժեքների եւ բարոյականության պահապաններ եւ ներկայացնել Փաշինյանին որպես արեւմտյան դրածո, որի «ոչ հայեցի» քաղաքական գծի դեմ փորձում են պայքարել։

Սա կլինի ըմբոստների համար չափազանց լավ խաղաքարտ եւ կավելացնի նրանց հեղինակությունը, էլ ավելի նվազեցնելով Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։