Հուսիները ԱՄՆ-ին սպառնացել են պատասխանել ահաբ...

Եմենյան «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ), որը 2014 թվականից կառավարում է Եմենի հյուսիսում նախագահ Աբդու Ռաբու Մանսուր Հադիին հանելուց հետո, ԱՄՆ-ին պատասխան միջոցառումներով է սպառնացել իրենց շարժումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու դեպքում, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է եմենյան կառավարության հետ բանակցություններում հուսիների պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Աբդեսալյամը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ Պետքարտուղարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությամբ հաստատել էր եմենյան «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժումը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մտադրության մասին: Լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչակազմը կարող է այդ քայլին դիմել արդեն երկուշաբթի:

«Եթե այս դիրքորոշման լուրջ վերանայում չարվի, եւ այդ միջոցառումները մեր նկատմամբ ձեռնարկվեն, մենք ամերիկացիների հետ շատ հարցերում մեզ կպահենք համանման ձեւով»,- ասել է Աբդեսալյամը:

Նա նշել է, որ իրականում ամերիկյան դիրքորոշման մեջ ոչ մի նոր բան չկա շարժման առնչությամբ, քանի որ այն արդեն լիովին աջակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիային, որը ռմբակոծում է Եմենը: Դրանից բացի, հուսիները կարծում են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը անհաջողություն է կրել տարածաշրջանային շատ խնդիրների լուծման գործում եւ իր ու տարածաշրջանում իր հիմնական դաշնակից Սուդյան Արաբիայի ու Իսրայելի հանդեպ բացասական վերաբերմունք է ստեղծել:

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության ԱԳ նախարարությունն իր հերթին Twitter-ում ողջունել է ԱՄՆ հնարավոր որոշումը հուսիներին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու մասին՝ նշելով, որ «Եմենի կառավարությունը ավելի վաղ ԱՄՆ-ից պահանջել էր դիմել այդ քայլին, քանի որ հուսիները արժանի են ահաբեկիչներ կոչվելուն, եւ անհրաժեշտ է նրանց վրա ճնշումը մեծացնել նրանց խաղաղության հարկադրելու նպատակով պայմանների ստեղծման համար»:

ՄԱԿ-ն ավելի վաղ ԱՄՆ-ին զգուշացրել էր հուսիներին ահաբեկիչների ցուցակում ներառելու հետեւանքների մասին՝ նշելով, որ դա կարող է խանգարել Եմենում խաղաղ գործընթացին: