Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանակ...

Հայաստանում առաջիկա հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եւ դրանց հնարավոր արդյունքները, ըստ ամենայնի, բավական անհանգստացնում են Արեւմուտքին։ Իհարկե, խնդիրը բուն Հայաստանը չէ։ Հայաստանը ռեգիոնալ, առավել եւս՝ գլոբալ քաղաքականության մեջ գրեթե զրոյական դերակատարություն ունի եւ մեծ կարեւորություն չունեցող դերակատար է։ Խնդիրը Հայաստանը հակառուսական ճամբարի կողմից օգտագործվելու հնարավորության հետ է կապված։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայումս Ռուսաստան-Արեւմուտք առճակատումը չափազանց սրվել է։

Շատ մասնագետներ այն համեմատում են Սառը պատերազմի ժամանակների հետ, համարում, որ ավելի վատ է հիմա իրավիճակը, քան Սառը պատերազմի ժամանակ։ Սա իր հերթին ենթադրում է, որ Արեւմուտքը ամեն բան անելու է, որպեսզի Ռուսաստանի համար իր սահմաններին մոտ տարածքներում «գլխացավանքներ» ստեղծի, կամ էլ ռուսական ազդեցության գոտուց պոկի առանձին երկրների եւ վերածի հակառուսական սեփական գործողություններն իրականացնելու գործիքի։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ է կատարվում հիմա Դոնբասում։ Հայաստանն այս իմաստով կարելի է դիտարկել որպես «թիրախային» երկիր Արեւմուտքի համար։

Պատճառները բազմաթիվ են։ Հայաստանի իշխանությունների ոչ կոմպետենտությունը արտաքին քաղաքականության եւ աշխարհաքաղաքական հարցերում, Հայաստանի իշխանություններում օտարերկրյա շահեր սպասարկող «փայատերերի» առկայությունը (պայմանականորեն նրանց անվանենք արեւմտամետներ կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «սորոսականներ»), որոնք բավական ուժ են ներկայացնում եւ կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի ղեկավարի որոշումների վրա, հետպատերազմական՝ ինչպես Արմեն Սարգսյանը կասեր՝ բազմաթիվ ուղղություններում ֆիքսված ճգնաժամը եւ ընդհանուր անկումային տրամադրությունները եւ այլն։ Նման իրավիճակում գտնվող երկիրը հեշտ է մանիպուլացնել, օգտագործել սեփական շահերի համար եւ հետո պարզապես նետել համաշխարհային քաղաքականության խորդանոցը կամ նույնիսկ՝ աղբանոցը։ Ինչը ամենից տխուրն է, Հայաստանի իշխանությունները կարծես թե պատրաստակամ են Արեւմտյան խայծը կուլ տալուն եւ օգտագործվելուն։ Այլ հարց, թե դրա հետեւանքները որքանով են հասկանում։

Սակայն որքան էլ իշխանությունները պատրաստ լինեն դրան, այնուհանդերձ, Արեւմուտքում հասկանում են, որ ամեն բան այնքան միանշանակ չէ, որքան թվում է, եւ հատկապես 2020 նոյեմբերի 9/10-ից հետո գործող իշխանությունները գոնե հանրային վստահության մասով չունեն այն կրեդիտը, որը թույլ կտար նրանց, օրինակ, Հայաստանը դուրս բերել ռուսական ուղեծրից եւ վերածել Վրաստանի կամ Ուկրաինայի։ Ուստիեւ, որոշ Արեւմտյան փորձագետներ Հայաստանից դուրս, փորձում են հեռահար կերպով աջակցել Հայաստանի գործող իշխանություններին, իրենց վերլուծություններում փորձելով հիմնավորել, թե օրինակ Հայաստանն ինչ կշահի, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։

Ինչպես եւ կարելի է սպասել, Արեւմուտքի՝ հետխորհրդային տարածքում հակառուսականության գծի պլացդարմ հանդիսացող երկրներից՝ Լեհաստան եւ Բալթյան երկրներ, հնչում են կարծիքներ, որոնցում բավական հետաքրքիր կերպով առաջ է մղվում այն գիծը, ըստ որի, Փաշինյանի վերարտադրությունը կարող է Հայաստանը դուրս բերել ռեգիոնալ մեկուսացումից, կարգավորել հարաբերությունները Արեւմուտքի /Հայաստանի դեպքում գործնականում՝ Թուրքիայի հետ/, նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից եւ այլն։

Հասկանալի է, որ նման կարծիքները այն էլ հիմա՝ երբ ոչ պաշտոնապես արդեն նախընտրական արշավ է ընթանում Հայաստանում, պատահական չեն, եւ կարելի է եզրակացնել երկու բան՝ կամ Արեւմուտքը որոշել է Հայաստանում «խաղադրույք» կատարել Նիկոլ Փաշինյանի վրա, ընդդեմ ռուսամետության, որի առանցքում լինելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կամ Նիկոլ Փաշինյանն ինքն է փորձում «սորոսականների» միջոցով «ինքնամատուցվել»՝ իր ծառայությունները առաջարկել Արեւմուտքին, պայմանականորեն ասած՝ համաձայնելով ստորագրել մի «աշխարհաքաղաքական ղազագրի» տակ, ըստ որի, եթե մնա իշխանության ղեկին, Հայաստանը դուրս կբերի ռուսական ազդեցության ուղեծրից։

Երկու դեպքում էլ եզրակացությունը մեկն է՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում լինելու են չափազանց կարեւոր, նույնիսկ ինչ որ իմաստով՝ «աշխարհաքաղաքական կալիբրի», որովհետեւ այդ ընտրությունների արդյունքներից կախված կլինի այն, թե արդյոք Հայաստանը զերծ կմնա «աշխարհաքաղաքական բազարներից», թե կխրվի «աշխարհաքաղաքական արկածախնդրության» մեջ։