Հոկտեմբերի 22-ին Փաշինյանի և Ալիևի միջև հանդի...

Politik.am-ը տեղեկատվություն ուներ, որ հոկտեմբերի 22-ին հնարավոր է, որ տեղի ունենար ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը Մոսկվայում՝ Ղարաբաղյան հարցով բանակցելու համար, ի կատարումն ավելի վաղ՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հնչեցրած այն մտքի, որ Հայաստանի վարչապետն իր հերթին եւ Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին պատրաստակամ են հանդիպել Մոսկվայում եւ բանակցել Ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ։

Այս առնչությամբ Politik.am-ը հարց էր հղել վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանին։ Վերջինս էլ պատասխանել է, որ այն տեղեկատվությունը, որ հոկտեմբերի 22-ին Մոսկվայում տեղի է ունենալու ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետի խոսնակը նաեւ հավելել է, որ եթե Մոսկվայում կամ այլ քաղաքում նման հանդիպում նախատեսվի, ապա հանրությունը այդ մասին կիրազեկվի։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ, պատասխանելով Politik.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է ԱԳ նախարարի հանդիպումը կապված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման հետ, ասաց, որ Մոսկվայում ԱԳ նախարարի այցի օրակարգն է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։