Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության տարածքի 80 տոկոսը Ադրբեջանին զիջելու որոշումը արդարացնելու համար ամենատարբեր հնարքներն է բանեցնում, որպեսզի մեղմացնի հանրային դժգոհությունը։
Այս նպատակի համար Փաշինյանը օգտագործում է ամենահուզական քարոզչական միջոցները։ Օրերս նա հայտարարեց, որ Արցախի տարածքների հանձնմամբ ինքը փրկել է ավելի քան 20 հազար զինվորի կյանք․«Մեր շուրջ 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջեւ»,-հայտարարել էր Փաշինյանը։
Եվ քանի որ փրկչի դիմակի տակ Փաշինյանը իրեն իրավունք է վերապահում խոսել կյանքեր փրկելուց, ապա մենք հենվելով առկա փաստերի վրա փորձենք արձանագրել, թե քանի կյանք է արժեցել Փաշինյանի ոչ ադեկվադ (չասենք դավաճանական) որոշումները։
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պատերազմը կարող էր կանգնել հոկտեմբերի 20-ին․«Հոկտեմբերի 20-ին համոզել էի Իլհամ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները՝ այն պայմանով, որ ադրբեջանցի փախստականները կարողանան վերադառնալ Շուշի, սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով Հայաստանի վարչապետ Փաշինյանը դրան դեմ է եղել»,-ասել էր Պուտինը։
ՌԴ նախագահի հայտարարության ֆոնին առավել հետաքրքրական է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի երեկ արած հայտարարությունը, որում նա պնդում է, որ պատերազմի 4-րդ օրը զգուշացրել է Փաշինյանին, որ մենք պատերազմը շարունակելու ռեսուրս չունենք․«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։
Համադրելով եղած փաստերը ստանում ենք հետևյալ պատկերը՝ հոկտեմբերի 1-ին գործող վարչապետ Փաշինյանը իմացել է, որ մեր բանակը ռեսուրս չունի դիմադրելու և հոկտեմբերի 20-ին ՌԴ նախագահից ստանալով առաջարկ պատերամզը կանգնեցնելու մերժել է այն։ Եվ եթե Փաշինյանը խոսում է 20 հազար զինվորի կյանք փրկելուց արդար կլինի, որպեսզի ընդունի, որ այդ օրհասական վիճակը ստեղծվել էր իր անհեռատես որոշումների արդյունքում, ավելին, Փաշինյանը պետք է ընդունի, որ հոկտեմբերի 20-ից հետո եղած զոհերը միմիայն իր որոշման հետևանքով են եղել։
Ու հիմա հարց է առաջանում, թե ինչպես է Փաշինյանը նայելու բոլոր այն ծնողների աչքերին` ում զավակները զոհվել են հոկտեմբերի 20-ից հետո։ Ո՞րն է լինելու գործող վարչապետի բացատրությունը։