Հիմա խոսքերն ավելորդ են, հիմա կենաց ու մահու...

Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետեւենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին եւ օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաեւ պաթոսը, կասկածն ու վախը։ Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետեւենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին եւ օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։

Հետո իհարկե կարելի է խոսել։ Կարելի է ու պետք է խոսել, թե ինչու պատերազմը սկսվեց Տավուշում, ինչու առաջին անգամ Ադրբեջանը հանդգնեց այս ուժգնության ռազմական ագրեսիայի դիմել հայ-ադրբեջանական սահմանին, ինչու ՀԱՊԿ-ը կրկին կրավորական կեցվածք ընդունեց, ինչու ապրիլյանի ժամանակ ադրբեջանական դեզինֆորմացիա տարածողները՝ «հայրենասերի» դիմակ հագած, բոլորովին այլ` վտանգավոր խաղ սկսեցին։ Պետք է հասկանանք, թե այդ ինչպես են մեր զինվորների տվյալները հասանելի, իսկ պետական առցանց ռեսուրսները խոցելի դարձել թշնամու համար, ինչու է Նիկոլ Փաշինյանը թշնամու լայնածավալ հարձակումը «ռազմական միջադեպ» որակում, իսկ նրա կինը հերթական խաղաղասիրական նախաձեռնությամբ մեջ ընկնում՝ կանխատեսելի վերջաբանով։ Սրանք ուղղակի հարցեր չեն, այլ գոյաբանական խնդիրներ, որոնց պատասխաններից է կախված մեր պետության ապագան։

Այս հարցերը տալու եւ պատասխանները ստանալու ժամանակը կգա։ Հիմա այդ պահը չէ։ Հիմա կենաց ու մահու պայքար է։ Ու մեզ մնում է միայն աղոթել մեր զորքի համար՝ ամուր պահելով թիկունքը եւ ոգին։

Նահանջի տեղ չկա։

Հ.Գ. Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին։ Նրանց գործն արդար է»։