
Արցախն ազատագրելուց հետո ավելի շատ գեներալներ տվեցինք, քան կային լեյտենանտներ. այդ գեներալները սկսեցին շատ թանկարժեք մեքենաներով ման գալ, հետո այդ գեներալները ու պետական պաշտոնյաները սկսեցին 1000 քառակուսի մետրանոց տներ ունենալ, դրանից ավելի բարձր պաշտոնյաները սկսեցին Մոնումենտում հյուրանոցներ ունենալ: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Հետո սկսեցին 5000 դրամով քվե առնել, անգամ ստուգում էին անցկացնում, իսկ հիմա դատարաններում են անօրինական գույքի բռնագանձման գործերով: Այսօր դատարանում են երկրորդ նախագահը, երրորդ նախագահը: Դուք ուզում եք որ իրենց դատե՞ն։ Այո, մեղադրական ակտ չկա, ես էլ դատավոր չեմ, մեղադրական ակտ չկա, պիտի դատարանում այդ մարդիկ ունենան հնարավորություն փաստաբան ունենալու, իրենց իրավունքները պաշտպանելու, կարողանում են պաշտպանել, չեն դատվել: Դատախազներն այսօր ավելի թույլ են, քան այն փաստաբանները, որոնք աշխատում են իրենց համար, որովհետև մասնավոր շատ ավելի լավ է վճարում: Այդ առումով արդարադատության համակարգը շատ լուրջ խնդիրներ ունի»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը նկատեց, որ այսօր ազգային համաձայնություն է պետք. «Վազգենն այն ժամանակ չմիավորվողը միավորեց, արդյունքում ունեցանք հաղթանակ: Վազգենն ազատագրեց Արցախը, որովհետև չմիավորվողը, երկրապահի հազար ու մի ջոկատներ՝ գրագետ, անգրագետ կարողացավ միավորել: Այսօր էլ Վազգենը միավորում է։ Մենք եկել ենք այստեղ, Հանրապետականը եկավ, ՀՀԿ-ից Տարոն Մարգարյանի հետ, Դավիթ Հարությունյանի հետ ողջագուրվեցինք, բարևեցինք: Ո՞վ միավորեց՝ Վազգենը։ Ո՞վ էր Վազգենի միավորածը բաժանում, ո՞վ էր Վազգենի դեմ 1999-ին տարբեր կուսակցություններով մրցակցում, հետո Վազգենից հետո Վազգենի կուսակցությունը գողանում։ Գնացեք, այդ հարցերը իրենց տվեք»,- ասաց Արամ Սարգսյանը: