ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Քո...

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին:

Ինչպես  տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել, որ Դատախազությունը մշտապես կարևորում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքը: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ հանդիպումը երկու երկրների դատախազությունների միջև ամուր և կայուն համագործակցության հիմք կստեղծի:

Դեսպան Ալ Էնեզին շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և ընդգծել, որ հանդիպումը փոխգործակցության հաջող մեկնարկի և հետագայում Հայաստանի ու Քուվեյթի դատախազությունների միջև համագործակցությունը երկկողմ փաստաթղթերով ամրագրելու լավ հնարավորություն է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: