Հայկական կողմը «Իսկանդեր»-ով հարվածել է Շուշի...

 Արդեն հայտնի է, որ հայկական ուժերը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կիրառել են հայտնի «Իսկանդերը»։ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Իսկանդերով» հարվածել են Շուշիին՝ նոյեմբերի յոթին, առավոտյան 09։00-ին, երբ այնտեղ դեռ կային հայկական ուժեր։ Հիմա, ի մի բերելով ամբողջը փորձենք ձեւակերպել այն հարցերը, որոնց պատասխանները, անպայմանորեն պետք է հնչեցվեն ՊՆ-ի կողմից եւ հասարակությունը պետք է իմանա ամբողջ եղելությունը։ Նախ, ով է հրաման տվել, որ հարվածեն «Իսկանդերով» Շուշիին։

Երկրորդ, ինչու է նման հրաման տրվել, երբ տեղում դեռ հայկական ուժեր են եղել։ Եվ բացի այդ, այդ հարվածից արդյոք հայկական ուժերի շրջանում տուժածներ կամ զոհեր եղել են կամ ոչ։ Պարզվել է արդյոք դա, թե ոչ։ Ու առհասարակ կար արդյոք նման նպատակահարմարություն Շուշիին «Իսկանդերով» հարվածելու։ Այս հարցերի սպառիչ պատասխաններից շատ բան է կախված հասարակության համար, որովհետեւ եթե պատասխաններ չտրվեն, ապա կարելի է մտածել, որ ով կամ ովքեր, որ հրաման են տվել հարվածելու Շուշիին «Իսկանդերով», հաշվի չեն առել, որ այնտեղ կան հայկական զորախմբեր եւ դա կարող է բերել կորուստների նաեւ հայկական զորախմբերի մոտ։

Իսկ սա արդեն չափազանց լուրջ հարց է, որովհետեւ սրանից ուղղակի հետեւում է այն հարցը, թե Փաշինյանի իշխանության ռազմական թեւը որքանով է հոգատար սեփական զինվորի եւ բանակի հանդեպ։ Հասարակությունը պետք է իմանա, թե ով է նման հրաման տրվել, կամ ինչու է նման հրաման տրվել, որովհետեւ այս հարցի պատասխանից կարող ենք ի վերջո եզրակացնել նաեւ, թե Շուշիի հանձնումը ռազմական թե քաղաքական որոշման հետեւանք է։ Ընդհանրապես, հատկապես ռուսական ռազմական փորձագետ Սեմյոն Պեգովի եւ մյուսների տեսակետները եթե հաշվի առնենք, ապա գոնե Շուշիի հանձնման մասով ամեն ինչ չափազանց մութ է եւ դավադրության հոտ է գալիս։ Իսկ հասարակությունը, ժողովուրդը, որը մոտ հինգ հազար զոհ է տվել ու հազարավոր վիրավորներ, պարտավոր է իմանալ, թե ինչ է արել իր ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։