Իշխանափոխությունից հետո տարբեր անգամներ սկանդալների կենտրոնում հայտնված իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը կրկին սկանդալի կենտրոնում է։ Այս անգամ նա Սևանի ափին փարթի է կազմակերպել, որի մասնակիցները, այդ թվում պատգամավորն ինքը ևս առանց դիմակի է։
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը նկատել է, որ պատգամավորը օրենքի խախտմամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ․«Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ խորհրդարանական արձակուրդների ընթացքում իրեն չխնայելով բարմեն է աշխատում, որպեսզի կարողանա ընտանիք պահել:
Ոչ, անշուշտ այդպես չէ։ Պարզապես պատգամավոր Հայկն անձամբ զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում:
Նա արդեն այնքան լուրջ բիզնեսմեն է, որ հանգիստ ու համապարփակ թքած ունի նաև Նիկոլի դիմակ կրելու պահանջի վրա»,-գրել է Բաբայանը և կից հրապարակել Հայկ Սարգսյանի լուսանկարը:
Ստացվում է, որ Հայկ Սարգսյանն այնքան է իշխանության ներսում ուժեղացրել իր դիրքերը, որ թքած ունի և Նիկոլ Փաշինյանի, պարետ Ավինյանի որոշումների վրա։ Փաշինյանը կարծում ենք լուրջ մտահոգվելու տեղ ունի և եթե իր որդու հարսանիքը կազմակերպելու համար պաշտոնանակ արվեց ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ապա Հայկ Սարգսյանին պետք է շատ արագ զրկի մանդատից, քանի որ նա անտեսում է հակահամաճարակային կանոներն ու պարետի որոշումները, որն ինչպես պնդում է Արսեն Բաբայանը անում է բիզնես հետաքրքրությունից ելնելով։