Հայաստանը պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով...

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը Հակոբ Արշակյանը կարեւորել է հաջորդ տարի Երեւանում անցկացվելիք Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը եւ եւս մեկ անգամ հաստատել Հայաստանի պատրաստակամությունը համաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի արձագանքը` կարեւորելով Հայաստանի տարածքային ամբողջականության, անկախության, ժողովրդավարության, ուժի կիրառման բացառման եւ փոխադարձության սկզբունքները:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի կողմից առաջարկվող <<Խաղաղության խաչմերուկի>> գաղափարին` շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը: