Հայաստանը ՄԱԿ-ի անդամ 70 երկրի անունից հանդես...

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58–րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից, հանդես է եկել  «Թվային տեխնոլոգիաները և Կանանց ու աղջիկների իրավունքները» խորագիրը կրող համատեղ հայտարարությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը, հայտարարությամբ կոչ է արվում ապահովել կանանց ու աղջիկների լիարժեք մասնակցությունը թվային ծառայություններում, գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտներում, ինչպես նաև խթանել որոշումների կայացման գործընթացներում նրանց առաջնորդությունը:

Ընդգծվում է միջազգային համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ կանանց ու աղջիկների համար տեղեկատվության և թվային ծառայությունների հասանելիության հավասար հնարավորություններ երաշխավորելու նպատակով:

Հայտարարությունը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից։ Հայաստանի հիշյալ նախաձեռնությանը, որպես հեղինակների հիմնական խմբի անդամներ, միացել էին երկրներ ՄԻԽ տարբեր տարածաշրջանային խմբերից, ինչպիսիք են Էստոնիան, Ֆրանսիան, Չիլին, Կոստա Ռիկան, Ճապոնիան և Քենիան: