«Հայաստանը գտնվում է իդեալական վիճակում Հնդկա...

«Հայաստանը գտնվում է իդեալական վիճակում Հնդկաստանին այլընտրանքային ծովային առևտրային երթուղի առաջարկելու համար, հատկապես՝ Եվրոպայի հետ»․ Դելիում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին փոխանցում է հնդկական ANI News լրատվական գործակալությունը։

«Հայաստանի կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանային և գլոբալ խոշոր նախագծերի շրջանակներում գործընկերային հարաբերությունների ձևավորմանը, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը (INSTC), Պարսից ծոցի տրանսպորտային միջանցքը դեպի Սև ծով տարանցիկ միջանցքն ու Չաբահար նավահանգստի զարգացումը, որոնք Հնդկաստանի և Իրանի համատեղ ջանքերն են», - ասել է նախարարը: 

«Raisina Dialogue»-ը Հնդկաստանի առաջատար համաժողովն է աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության ոլորտում, որը նվիրված է համաշխարհային հանրության առջև ծառացած ամենաբարդ խնդիրների լուծմանը: 

Այնուհետ, խոսելով երկրին այլընտրանքային առևտրային երթուղի առաջարկելու մասին, հայ նախարարն ասել է, որ դա «կարևոր է» այն ժամանակ, երբ շատ երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, փնտրում են այլընտրանքային ծովային ուղիներ Եվրոպայի և Արևմուտքի հետ առևտրի համար՝ հաշվի առնելով Կարմիր ծովով անցնող առևտրային նավերի վրա հարձակումների ալիքը: