Հայաստանը բեռնափոխադրումների ծավալների աճով ա...

Հայաստանը 2020-ի հունվար-նոյեմբերին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միակ երկիրն է եղել, որտեղ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցել բեռնափոխադրման ծավալների աճ. այն  կազմել է 1,9%, իսկ ծավալը հասել է 13,5 մլն տոննայի։ Ընդ որում, աճել են խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրման ծավալները, նվազում է գրանցվել միայն օդային տրանսպորտի պարագայում։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի բեռնափոխադրումների ծավալը 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին կազմել է 11 մլրդ 19.4 մլն տոննա և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 7,2%-ով։ 

Ընդ որում, Բելառուսի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 366,4 մլն տոննա և 7,1% նվազում։ Ղազախստանի բեռնափոխադրումների ծավալները ներառել են առևտրային փոխադրումներով զբաղվող անհատ ձեռներեցների կողմից փոխադրումները ևս. այս երկրի տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 3 մլրդ 576,5 մլն տոննա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 6,8%-ով։ Ղրղզստանի բեռնափոխադրումների ծավալն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսներին կազմել է 24,0 մլն տոննա և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 21,6%-ով, իսկ Ռուսաստանի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 7 մլրդ 39,0 մլն տոննա և 7,3%։