Հայաստանում լուրջ փոփոխություններ կլինեն․ կոր...

7 մահացության դեպք, 736 վարակակիր եւ 43 ապաքինված։ Սա Հայաստանում կորոնավիրուսային իրադրության այսօրվա պատկերն է։ Հասկանալի է, որ դեռ չենք հասել համավարակի տարածման ներպետական պիկին, որը, ինչպես երեկ հայտարարվեց, կարող է վրա հասնել ցանկացած պահի։ Գործող իշխանությունները երեւի թե նույնիսկ մղձավանջային երազում չէին կարող պատկերացնել, որ 2018-ի գարնանը տեղի ունեցած իշխանափոխության եւ իրենց՝ երկրի ղեկին հայտնվելուց հետո այսքան լուրջ եւ գլոբալ փորձության հետ պետք է առերեսվեին, իշխանությունը վայելելու փոխարեն, ինչպես անում էին նախակորոնավիրուսային փուլում, 2018-2020 (հունվար) ժամանակահատվածում։

Սա լրջագույն քննություն է գործող իշխանությունների համար եւ թեեւ հիմա դեռ վաղ է խոսել, թե ինչ է լինելու հետո, համավարակի ավարտից հետո, սակայն այսօր արդեն պարզ է, որ շատ բան նաեւ քաղաքական համակարգում երկրի կենթարկվի փոփոխությունների։ Նախ ամեն բան կախված կլինի վիրուսի՝ Հայաստանում տարածման այսպես ասած «սցենարից»՝ տեմպից, մահացությունների թվից, պայքարի արդյունավետությունից։ Պարզ է, որ մոտ 3 միլիոնանոց Հայաստանի համար 7 մահվան դեպքը արդեն բավական լուրջ թիվ է։

Պարզ է նաեւ, որ սկզբնական փուլում ցուցաբերած անպատասխանատու, կարելի է ասել նույնիսկ հանցավոր անլրջությունը դեռ քաղաքական կապիտալի վերածվելու է եւ իշխանությունը դեռ պատասխանելու է 100 գրամ օղիով եւ պինցետով կորոնավիրուսին հաղթելու որոտընդոստ հայտարարություններին, եւ դեռ գործող վարչապետը բացատրելու է, թե ի վերջո «կորոնավիրուսն ում շունն էր», կամ ինչ կարգի հրեշ։

Ընդհանուր առմամբ կարող ենք հստակ արձանագրել, որ հետկորոնավիրուսային Հայաստանի քաղաքական համակարգը կլինի ավելի սոցիալական ֆակտորի վրա կենտրոնացած, որտեղ այլեւս արդիական չեն լինի նախկինների դեմ Դոն-Կիխոտյան պայքարի մեթոդները, որովհետեւ դիսկուրսում կլինեն առնվազն 7 մահվան դեպքերը, պինցետը, 100 գրամ օղին ու Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան «չարաճճիությունները», վերջապես, իրարից, ինչպես ժողովուրդն է ասում «բեխաբար» հայտարարությունները։ Իսկ առաջին պլանում կլինի թերեւս, հավատում եմ նրան, ով ինձ նեղ վիճակում ձեռք մեկնեց, ով հաց ու ջուր տվեց, եւ չփորձեց նեղ վիճակում վիճարկել, թե օրավարձով աշխատող Հայաստանում կա, թե ոչ, մոռանալով, որ բոլորս էլ ՀՀ քաղաքացի ենք ու հավասար։

Եթե իրավիճակը շատ լուրջ բնույթ ստանա, անշուշտ գործող վարչապետը կփորձի պարետին դարձնել քավության նոխազ, սակայն եթե ամեն ինչ բարեհաջող հաղթահարվի, ապա Փաշինյանը ստիպված կլինի հաշվի նստել, որ պարետը, ի դեմս Տիգրան Ավինյանի դառնում է լուրջ ֆիգուր, ում նաեւ որպես արտակարգ դրության ժամանակվա թիվ մեկ մենեջեր ճանաչում են նաեւ միջազգային հարթակներում արդեն այսօրվանից։