Հայաստանում եւ ռեգիոնում կարեւոր մի գործողութ...

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարելի է ասել ազդարարեցին Հայաստանի շուրջ, բայց ոչ Հայաստանի ներսում, բավական հետաքրքիր գործընթացների մեկնարկը։

Բավական հետաքրքիր է, որ այն բանից հետո, երբ Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքների մասին հայտարարվեց, արդեն մի քանի օր անց տեղի ունեցան՝ Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի նախագահի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցները։ Ընդ որում, այդ հեռախոսազրույցներում կարմիր թելի նման մեկ թեմա է անցնում, որը միշտ շոշափվել է․ 2020 թ նոյեմբերի 9-ի եւ 2021 թ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները եւ դրանց կատարման ընթացքը։

Կարելի է եզրակացնել, որ նախընտրական շրջանում եղած փոքրիկ դադարից հետո, երբ նաեւ որոշակի անորոշություն կար, հիմա արդեն, երբ Նիկոլ Փաշինյանը նորից շարունակելու է լինել կառավարության ղեկավար, ու նաեւ՝ թիվ մեկ բանակցողը Հայաստանից այն ամենի հետ կապված, որը առնչվում է երկու նշված հայտարարությունների հետ, կարելի է սկսած գործընթացը շարունակել, հատկապես, որ գոնե Պուտին-Բայդեն Ժնեւյան հանդիպումների ընթացքում կարծես թե ռեգիոնալ հակամարտություններին անդրադարձ արվել է ու որոշակի կոնսենսուս կա։

Այս առումով, պատահական չէ այն, որ Լիտվայի, Ավստրիայի եւ Ռումինիայի ԱԳ նախարարները ժամանել են Բաքու եւ Բաքու հասնելուց առաջ հայտարարել, որ ԵՄ-ն պետք է Հվ. Կովկասում իր շահերին տեր կանգնի, մասնակցի այնտեղ տեղի ունեցող գործընթացներին եւ ռեգիոնը հանկարծ չտա այլ ակտորների։

Հաշվի առնելով նաեւ Հայաստանի ներսում որոշակի խմորումներ, որոնք ընդհանուր առմամբ չգիտես թե ինչու անվանվում են «երկաթե մանդատի հալածանքներ», կարելի է ասել, որ Փաշինյանն էլ գլոբալ համաձայնեցված գործընթացի հաջորդ հանգրվանին է պատրաստվում։