Հայաստանում առկա է կառավարման տապալում

Մինչ Հայաստանում իշխանության համար քաղաքական վահան դարձած արտակարգ դրությունն է երկարաձգվելու, եւ եռանդուն կերպով շարունակվում են տեղին անտեղին մարդկանց տուգանել՝ Հանրապետության բնակչությանը տուգանքի մատերիալի վերածած, հարեւան Վրաստանում, որտեղ վաղուց դուրս են եկել արտակարգ դրության ռեժիմից, ու արդեն օտարերկրյա տուրիստներ են ընդունում, կառավարությունը նոր սոցիալական կարեւոր քայլ է կատարում։

Ըստ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հայտարարության՝ «Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին»: Ինչ խոսք, տարբերությունը մեր եւ վրացական իրականության չափազանց ակնհայտ է ու ցցուն, այն աստիճան, որ նույնիսկ Փաշինյանի երկրպագու «ջուջուլակեր ծյոծկեքի» ու պողոսների համար չի կարող չնկատվել։

Հերթական անգամ փաստելու ենք, որ Հայաստանում առկա է վատ կառավարում, իսկ ավելի կոնկրետ, կառավարման տապալում, հատկապես՝ համաճարակային իրավիճակում ճգնաժամային կառավարման տապալում։ Հերթական անգամ նախանձով ենք վերաբերվելու վրացիներին ու «անիծելու էն սհաթը, երբ Նիկոլի ոտը մտավ վարչապետի աշխատասենյակ»։ Սակայն ինչպես ասում են, ամեն ինչ արդար է ժողովուրդ։

Երբ դժգոհությունը խտացվում է եւ դառնում ատելություն, իսկ ատելությունն էլ գեներացվում, կուտակվում է եւ դառնում արդեն կոնկրետ քաղաքական փոփոխությունների, այն է՝ իշխանափոխության հիմք, եւ երբ ատելության կուտակիչը գալիս է իշխանության այլ բան հնարավոր չի էլ սպասել, որովհետեւ իշխանության եկածը ոչ թե փորձված կառավարիչ է, վաստակ ունեցող մասնագետ, այլ սովորական պոպուլիստ եւ դեմագոգ, ով առանց միջոցի խտրության ամեն բան շահարկել է հանուն սեփական քաղաքական ամբիցիաների եւ ում ստեղծած ու ներդրած միֆերն այսօր փուչիկ առ փուչիկ պայթում են։

Ու մինչ հայկական հեռուստաալիքներով ինչ որ աջակցության ծրագրերի մասին սոցիալական հոլովակներ են եթերից հնչելու, անհասկանալի ու խրթին պայմաններով, Վրաստանում կոնկրետ հարցեր են լուծվում, կոնկրետ սոցիալական քաղաքականություն է վարվում ու Վրաստանը արդեն միջազգային վարկանիշ ունի՝ օրինակելի համաճարակային իրավիճակի, օրինակելի ճգնաժամային կառավարման։